Մոսկվայում Պետդումայի պատգամավորները ցույց են անցկացրել՝ հաջակցություն Մադուրոյի
Ռուսաստանի Դաշնության պետդումայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները Վենեսուելայի դեսպանատան առաջ ակցիա են անցկացրել՝ ի նշան այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցության, գրում է РИА Новости-ն: Ակցիային ընդհանուր առմամբ 15 մարդ է մասնակցել:
«Մենք՝ Պետդումայի պատգամավորներս, տեսնում ենք, որ սա շատ կարևոր պահ է՝ աշխարհաքաղաքական ակտիվության պահ, որը կարող է հասնել մինչև մեզ»,- ասել է պատգամավոր Բորիս Չերնիշովը:
Նա ընդգծել է, որ Վենեսուելայում տեղի ունեցողը «նավթի պաշարներ ունեցող երկրում բացարձակ քաոս ու կործանում սերմանելու փորձ է՝ ուկրաինական սցենարով»:
Ցույցի մասնակիցներն իսպաներեն բացականչել են «Կեցցե՛ նախագահ Մադուրոն», որից հետո դեսպանատան ներկայացուցիչները դուրս են եկել և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության դեմ տեղի ունեցող բողոքի համազգային ցույցերի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել վերջինիս հետ, որի ժամանակ իր անվերապահ աջակցությունն էր հայտնել Մադուրոյին և Վենեսուելայի օրինական իշխանություններին:










