Վենեսուելայում ձերբակալված ցուցարարների թիվը հասնում է մոտ 800-ի
Վենեսուելայում հունվարի 21-ից սկսված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 791-ի: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի «Քրեական ֆորում» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն:
«Հունվարի 27-ի դրությամբ մենք արձանագրել ենք, բողոքի ակցիաների 791 մասնակցի ձերբակալություն: Միայն հունվարի 23-ին ձերբակալվել է 632 ցուցարար, ինչը մեկ օրում ձերբակալվածների ամենաբարձր ցուցանիշն է 1999 թվականից ի վեր»,- թվիթերյան էջում գրել է իրավապաշտպանը` լուսանկարում ներկայացնելով ձերբակալվածների թիվը` ըստ քաղաքների:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի գործողությունները Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում սկսվել են այն բանից հետո, երբ հունվարի 23-ին երկրի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակեց Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: 2019-ի հունվարի 10-ին երկրի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնած Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հրաժարակն չի տալու և պաշտոնավարելու է մինչև 2025 թվականը:










