2019-ին ԵՄ-ից ՀՀ-ին լրացուցիչ օժանդակություն կտրվի՝ որպես խրախուսանք անցյալ տարվա դրական զարգացման համար. Յոհաննես Հաան

16:27 • 29.01.19

Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որ նվիրված է հատուկ ձեռքերումներին՝ իրավունքի գերակայությանը և այլ ձեռքբերումներին, և անշուշտ դա լրացուցիչ օժանդակություն կլինի Հայաստանի համար: Արտաքին գործերի նախարարությունում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսպես ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:

«Ես հանդգնում եմ այսօր հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք անցյալ տարի դրական զարգացման համար»,- ասաց նա:

Յոհաննես Հաանի խոսքով՝ շատ կարևոր բան է երկրում առկա շատ դրական տրամադրությունը, որը դրսում էլ է զգացվում: «Ներդրումային միջավայրի վրա էլ է դա ազդում: Մարդիկ այսօր ոգևորված են, քան երբևէ, որ գան Հայաստան, ներդրումներ անեն: Մենք քննարկեցինք հատուկ ներդրումային խորհրդաժողով անցկացնելու կարևորությունը, որը Եվրոպական ընկերություններին թույլ կտա ծանոթանալ այստեղ առկա տրամադրություններին, քանի որ ընդհանուր մթնոլորտն ու միջավայրը շատ լավն են: Պետք է ստեղծվի հնարավորություն՝ մնայուն աշխատատեղեր ստեղծելու, որ մարդիկ մնան, աշխատեն այստեղ»,- ասաց նա: