Աբովյանում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

16:06 • 29.01.19

 

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։

Այս մասին հայտնում են ՔԿ դետարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ձերբակալվածն Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ., և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ հրազեն կիրառած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել էին նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել էր զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էր ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: