ՀՀ ՊՆ-ն ու «Կալաշնիկով» կոնցեռնը հստակեցրել են նորագույն ինքնաձիգերի համատեղ արտադրության մանրամասները

18:42 • 29.01.19

ՀԱՊԿ ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և,
մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում
ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ
Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, Դավիթ Տոնոյաևը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական
ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը և
պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են
Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:

Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով Հայոց
Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի պաշտոնական ընդունելությանը մասնակցելու հրավերի համար, Ա. Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է հայ գործընկերների հետ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքը: Մասնավորապես, «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ այցի շրջանակներում, 1992թ. մայիսի 15-ին կնքված «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի և 2016թ. մայիսի 24-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատված «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմա-տնտեսական համագործակցության» ծրագրի  համաձայն արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ
մանրամասները: