Պետական ապարատում բարձր վարձատրվող պրոֆեսիոնալներ ունենալու խնդիր ունենք, մյուս կողմից՝ կա անարդարություն. Լ. Մակունցը՝ ՊԵԿ նախագահի հետ քննարկման մասին (տեսանյութ)

17:24 • 29.01.19

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցը չի հերքում, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խմբակցություն են հրավիրել քննարկման, որպեսզի ոլորտային խնդիրներին հստակ ախտորոշում տրվի։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը միակ գերատեսչությունը չէ, որի հետ քննարկումներ պետք է լինեն։

«Քննարկումների արդյունքում, երբ մենք կունենանք համապատասխան փաթեթը, որն անհրաժեշտ է որպես օրենսդիր լուծումներ առաջարկելու, այդ ժամանակ մենք  խնդրի կարգավորումների քայլեր կձեռնարկենք»,- ասաց նա։

Մակունցը նկատեց, որ վերջին շրջանում աղմուկ հանած պարգևատրումների խնդիրը  պետք տարբեր տեսանկյունից դիտարկել։ Նրա խոսքով՝ մի կողմից կա օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն է տալիս պետական ապարատում պարգևավճարներ տրամադրելու, մյուս կողմից էլ կա անարդարության զգացումը, որը բարձրացվեց հանրային կերպով։

«Ցանկանում եմ, որ խնդրին համակողմանի նայենք։ Մենք ուզում են ունենալ արդյունավետ պետական ինստիտուտներ ու համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները լուծում են, բայց մյուս կողմից էլ, եթե մենք չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, որոնք այդ խնդիրները կլուծեն, այլ խնդրի առջև ենք կանգնում։  Պետք է հասկանալ, թե որտեղ է ոսկե միջինը, որպեսզի օրենսդրական լուծում տանք»,- հավելեց Լիլիթ Մակունցը։