Եթե խոսում ենք հրապարակները կայանատեղերից ազատելու մասին, քաղաքում ընդհանուր մոտեցում պետք է լինի. Հ. Մարությանը՝ կայանատեղերի մասին քննարկմանը
Այսօր Երևանի ավագանին քննարկեց Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն իր ելույթում անդրադարձավ իշխող խմբակցության անդամների կողմից բիզնեսին խոչընդոտներ չստեղծելու դիտարկումներին և նշեց, որ բիզնեսի զարգացումը կախված է հարկերից և տուրքերից, ոչ թե կայանատեղերից. դա երրորդային, չորրորդային հարց է: Ժողովուրդ, վերադարձրե՛ք Շահումյան հրապարակը երևանցիներին»,-ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ բոլորի համար պետք է մտածել: «Մի շղթա է ստեղծվում, որը շատ բարդ է»,-ասաց նա և նշեց, որ ծառայողական մեքենաների նկատմամբ ագրեսիան, որը նաև դրսևորել է անձամբ ինքը, պայմանավորված էր նրանով, որ դուրս էին գալիս ինչ-որ «հաստավզեր», հարձակվում էին մարդկանց վրա, մեքենաներն էին վնասում:
«Դա մշակույթի խնդիր է, որ մեկս մյուսին չենք կարողանում լսել, միմյանց դրության մեջ լինել: Սնկի պես աճել են խանութները, սրճարանները, ունենք քաղաքաշինական խնդիր, և արդյունքում եկել ենք այս իրավիճակին, որը մարտահրավեր է մեզ համար: Այսօրվա դրությամբ՝ ունենք օրենսդրություն, որը չի արգելում տրամադրել ծառայողական կայանատեղեր, ինչպե՞ս տնտեսվարողներին պետք է բացատրենք, թե ինչու ենք մերժում: Մենք մտածում ենք յուրաքանչյուր երևանցու շահի համար»,-ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց, որ Հանրապետության Հրապարակում, Շահումյան հրապարակում կայանատեղի համար ոչ թույլտվություն կա, ոչ էլ արգելք: «Եթե մենք խոսում ենք հրապարակների ազատագրման մասին, ապա ընդհանուր մոտեցում պետք է ունենանք ամբողջ քաղաքում և ավագանու կազմը պետք է աշխատի ազդակներ տալ ոստիկանությանը: Հրապարակները պետք լինեն և ծառայեն որպես հրապարակներ»:
Միքայել Մանրիկյանը, լսելով քաղաքապետի կոչը, դիմեց ոստիկանությանը՝ նշելով, որ ճանապարհային ոստիկանությունը կատարի համապատասխան միջոցառումներ՝ օրինազանց քաղաքացիների նկատմամբ:
«Շնորհակալ եմ, որ միացաք մեր «ֆլեշմոբին»,-արձագանքեց քաղաքապետը:
Այսպիսով` հարցը դրվեց քվեարկության և 35 անդամ կողմ քվեարկեց, 6-ը՝ ձեռնապահ, 11-ը` դեմ:
Ավագանին քննարկեց «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու հարցը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ աննախադեպ երևույթ է տեղի ունենում քաղաքապետարանում, քանի որ ընդդիմադիր խմբակցությունը հրավիրել է «էլիտ պլազա» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Մկոյանին:
Նա իր ելույթում անդրադարձավ ավտոկայանատեղերի անհրաժեշտությանը և նշեց, որ գրասենյակներ վարձակալած ընկերությունների համար այդ հարցը շատ է կարևորվում: «Մենք ունենք ստորգետնյա ավտոկայանատեղի` 120 մեքենայի համար նախատեսված, որը այսօրվա պայմաններում շատ քիչ է, իսկ պահանջարկը՝ մեծ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե շենքը նախատեսելուց պետք է հաշվի առնեին նաև ավտոկայանատեղի հարցը, տնօրենը նշեց, որ շենքը կառուցելիս հնարավոր չէր իմանալ, թե 5, 7 տարի հետո ինչպիսի պահանջարկ կլինի: Այնուամենայնիվ ավագանու անդամները իրենց ելույթներում դեմ արտահայտվեցին որոշման նախագծին և դա արտացոլվեց նաև քվեարկությամբ:
Այսպիսով՝ որոշման նախագիծը չանցավ. կողմ քվեարկեց ավագանու 4 անդամ, դեմ՝ 42, ևս 5-ը ձեռնպահ էին:










