Մենք գիտենք ճանապարհները, որոնցով անցնելու են մետրոյի նոր կայարանները. թույլ չենք տալու այդ ճանապարհին շենքեր կառուցել. Հայկ Մարության

21:52 • 29.01.19

Մետրոյի երկու կայարանի ավելացումը երազանք չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ «իրենք չեն ասում, թե կառուցելու են, իրենք աշխատանքներ են տանում կառուցելու ուղղությամբ:

«Կան 1985թ.-ին արված հաշվարկներ, կա աշխատանքային խումբ, որը աշխատում է: Երբ մենք ասում ենք՝ խոսքը 2 կայարանի մասին է, բնականաբար, կլինի սկզբում առաջինը, հետո՝ երկրորդը: Երկու կայարան երկու-երեք տարում չի լինի: Մենք գիտենք ճանապարհը, որոնցով անցնելու է մետրոն, և մենք թույլ չենք տալու, որ այդ ճանապարհին շենքեր կառուցվեն: Մեկը կլինի «Թումո»-ի մոտ, մյուսը՝ «Կվարտալ»: Առաջինը մոտ ժամանակներում կլինի, երկրորդը՝ հեռու ապագայում»,- ասաց նա:

Ըստ Մարությանի՝ 1 կմ մետրոյի կառուցումը միջին հաշվարկով արժե 100 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Քաղաքապետը հորդորեց առավել մանրամասն համար դիմել գլխավոր ճարտարապետին:

Խոսելով Արամի փողոցի բնակիչների հայտարարության մասին, թե իրենք գտել են ներդրող, ով կկառուցի իրենց համար շենք, Հայկ Մարությանն ասաց, որ շենքի տեղը հարմար չէ:

«Տետրիսի պես շենքերի արանքում մի հատ շենք են ուզում կառուցել, որը կպնում է մնացած շենքերին: Վստահ եմ, որ տարվում են աշխատանքներ: Մենք անմիջապես մեծ ու ուժեղ մասնակցություն պետք է ունենանք բնակիչների խնդիրներին: Ես անուններով, ազգանուններով, հասցեներով գիտեմ մարդկանց: Բոլոր խնդիրները իմ ուշադրության կենտրոնում են»,- հավելեց նա: