Պարգևավճարների համար ՊԵԿ ղեկավարը կանչվել է «Իմ քայլը» խմբակցություն. Լիլիթ Մակունց

13:36 • 29.01.19

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 2 հարց՝ պարգևավճարների և Հարկային օրենսգրքի հետ կապված: «Այն ամենը, ինչը հանրային կերպով հնչեցվեց, իհարկե, մեզ համար որոշակի մտածելու տեղիք է տալիս: Այո, գտնում ենք, որ պարգևավճարների ինստիտուտի հետ կապված վերանայման կարիք կա: Առաջիկայում մենք կառավարության հետ կքննարկենք, կհասկանանք: Պետք է մանրամասն այս հարցն ուսումնասիրել, հասկանալ խնդիրը: Մի կողմից՝ կա օրենք, և օրենքի շրջանակում ինչ-որ գործողություններ են արվում, բայց մյուս կողմից՝ ունենք այն արձագանքը, որն ունեցանք»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ պետք է գտնվի այնպիսի լուծում, որից հետո մարդկանց մոտ չի լինի անարդարության զգացում:

«Բայց այստեղ խնդիրը երկակի է, երբ խոսում ենք արդյունավետ կառավարման համակարգի մասին, չենք կարող ունենալ ցածր վարձատրվող կադրեր, որոնք կիրականացնեն այն պրոֆեսիոնալ աշխատանքը, որը մենք կուզենք, որ խորքային լուծումներ ստանան»,- նշեց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ խմբակցության նիստի ընթացքում դրվի ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հարցը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ցանկացած հարց, որ մենք բարձրացնում ենք, ինքնանպատակ չէ: Երբ մենք ինչ-որ խնդրի մասին խոսում ենք, ուզում ենք, որ դա լուծում ստանա: Այս պահին նման խնդիր մենք չենք դնում, մենք խնդիր ենք դնում լուծել մեր առջև դրված խնդիրները»: