«Մարտի 1»-ի զոհերի հարազատներին պետք չէ մոլորության մեջ պահել՝ ասելով, թե բացահայտվում է սպանողը, առաջադրված մեղադրանքը գործը սխալ տեղ է տանում․ Ա. Ռուստամյան

13:49 • 29.01.19

Մենք Ռոբերտ Քոչարյանին՝ որպես անձ, չենք պաշտպանել, այլ պաշտպանել ենք արդարադատությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ արձանագրելով, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիր են տեսնում։

Ըստ նրա՝ հիմա էլ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների ներգրավման ձևն իրենց մոտ մեծ մտահոգություն է առաջացնում՝ ՀՀ-ում արդարադատության հետ կապված։

«Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, արդարադատությունը չպետք է ստեղծի հաշվեհարդարի տպավորություն, որ դա վենդետայի  նպատակ է հետապնդում։ Արդարադատությունն առաջին հերթին պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն «Մարտի 1»-ի 10 զոհերի մեղավորները։ Այս ձևով, որով դրվել է մեղադրանքը, փորձ է արվում 2-րդ պլան մղել գլխավոր նպատակը։

Հասկանում եք, թե ինչ է կատարվում, ստացվում է, որ դրվում է մեղադրանք, որն ինքը դեռևս ապացուցելու անհրաժեշտություն ունի, այսինքն՝ դեռ պետք է ապացուցվի՝ սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ, որ հետո նոր 10 զոհերի մեղավորը պարզվի»,- ասաց նա։

Ռուստամյանը գտնում է, որ եթե առաջնային գնան 10 զոհերի մեղավորներին բացահայտելու ուղղությամբ, ապա մեղավորներն ավելի արագ ի հայտ կգան։ Նա անթույլատրելի է համարում մոտեցումը, թե 2 կողմերից միայն մեկն է մեղավոր։ Արմեն Ռուստամյանը շեշտեց՝  իրենց խորին համոզմամբ՝ 2 կողմում էլ կան մեղավորներ։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք «Մարտի 1»-ի գործի քննության մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում, Ռուստամյանը շեշտեց, թե քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են։

«Մինչև հիմա այս գործը քաղաքական ենթատեքստով էր ներկայացվում։ Մենք ամեն ինչ արեցինք, որ այս հարցում հստակություն մտնի։ Այն ժամանակ, երբ «Մարտի 1»-ի գործով 7 հոգու դատ կար, մենք ամեն ինչ արեցինք, որ հոդվածը, որի տակ ամեն ինչ մտնում էր, տարանջատվեր, որի պատճառով էլ համաներում եղավ, սակայն սա ոչ մեկը չի հիշում»,- շարունակեց Ռուստամյանը։

ՀՅԴ բյուրոյի նախագահը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն նախկինում էլ հստակ հայտարարել ու շեշտել է, որ անգամ ստեղված հանձնաժողովի աշխատանքներն իրենց չեն բավարարում, քանի որ այդ աշխատանքների արդյունքում չբացահայտվեցին 10 զոհերի մեղավորները։ Նրա դիտարկմամբ՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը գործի քննությունը սխալ տեղ է տանելու։

«Չի բացահայտվելու, թե կոնկրետ ով է կրակել, այդ կրակողն ումից է հրահանգ ստացել։ Եվ ուրեմն, այս 10 զոհերի հարազատներին պետք չէ մոլորության մեջ պահել՝ ասելով, թե այս կերպ բացահայտվում է, թե ով է կանգնած 10 զոհերի հետևում»,- հավելեց Արմեն Ռուստամյանը։

Վերջինս նկատեց, որ այս գործով ՄԻԵԴ-ում արդեն իսկ որոշակի որոշումներ են ընդունվում։ Նրա գնահատմամբ՝ չի բացառվում, որ այս հարցի շուրջ մի վիճակ ստեղծվի, որից ՀՀ հեղինակությունը՝ որպես իրավական պետություն, կարող է տուժել։

 

ՀեղինակԱնի Օհանյան