Ֆրանսիայում կողոպտել և ծեծի են ենթարկել Ժան Մարի Լը Պենի 86-ամյա կնոջը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Սել Սեն Կլոդ արվարձանում անհայտ անձը հարձակվել է ֆրանսիական «Ազգային ճակատ» (այժմ՝ «Ազգային միավորում») կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենի 86-ամյա կնոջ՝ Ժանի Լը Պենի վրա, հաղորդում է Parisien-ը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով 13:00-ի սահմաններում: Ժանի Լը Պենը կայանել է մեքենան և ուղևորվել դեպի շուկա: Երբ կինը դուրս է եկել մեքենայից, անհայտ անձը հարձակում է գործել՝ նրան գետնին տապալելով և հարվածներ հասցնելով, ապա վերցրել է կնոջ պայուսակը, որից հետո իր հանցակցի հետ հեռացել է սկուտերով:
Կողոպտիչները փորձել են Լը Պենի բանկային քարտից ավելի քան 2400 եվրո հանել:
Ժանի Լը Պենը հիվանդանոցում է, նրա մոտ առկա են կապտուկներ ձախ արմունկի շրջանում և ցավեր պարանոցի շրջանում: Ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները:










