Իտալիայում կենսաթոշակային տարիքի շեմն իջեցվել է
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան երկրում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման մասին օրենք է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի այս տարվա ապրիլից: Այս մասին տեղեկանում ենք երկրի կառավարության պաշտոնական կայքից:
Խորհրդարանում համապատասխան օրինագիծն ընդունվել էր հունվարի կեսին: Համաձայն դրա՝ Իտալիայի կենսաթոշակային համակարգում ներմուծվում է «100-ի բաժնեմասը», որը նշանակում է, որ թոշակի անցնելու տարիքը կորոշվի հետևյալ բանաձևով՝ քաղաքացու տարիքին գումարած աշխատանքային ստաժ, և ստացված գումարը պետք է հավասար լինի 100-ի:
Նշվում է, որ այժմ թոշակի անցնելու նվազագույն տարիքը 62-ն է, սակայն այդ դեպքում քաղաքացին պետք է 38 տարվա աշխատանքային ստաժ ունենա: Նախկին օրենքների համաձայն՝ իտալացիների մեծ մասը կարողանում էր թոշակի անցնել միայն 67 տարեկանում:










