Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրական կարգի տապալման փորձ կատարել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները. Ռուբեն Սահակյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:
Նախքան նիստի մեկնարկը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը յուրացնելով՝ սահմանադրական կարգը տապալելու համար ճիշտ մեղադրանքը ՀՀ ՔՕ-ի 300-րդ հոդվածն է, ինչո՞ւ չեն փոխում Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, իսկ թե ինչո՞ւ չեն փոխում, պետք է հարցնել իրենց:
Հարցին, թե այն կադրերը, որ տանկերը Երևանում էին ավելի շուտ, քան արտակարգ դրություն հայտարարելը, չի՞ ենթադրում, որ բանակն ավելի շուտ է ներգրավվել գործողությունների մեջ, Ռուբեն Սահակյանն ասաց՝ ոչ. «Երկու գեներալ և հատուկ գնդի 80 %-ը, եթե հիշում եք գեներալ Մանվել Գրիգորյանն ու մյուսի ազգանունը չեմ հիշում, փորձել են կատարել գործողություններ, որոնց իրավունքն իրենք չեն ունեցել: Բանակն ապաքաղաքականացված է: Այդ միջոցառումները, բանակի ներգրավումը կարող էր կատարվել միայն նախագահի որոշմամբ, այն էլ՝ ոչ թե որպեսզի ճնշվեր ժողովրդի մի մասի ընդվզումը, այլ որպեսզի սահմանադրական կարգը պահպանվեր, այդ կարգը պահպանվել է նաև նրանց միջամտությամբ։ Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրական կարգի տապալման փորձ կատարել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները»:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:










