Սերգեյ Սկրիպալի ռուսաստանաբնակ ազգականները կարծում են, որ նախկին հետախույզի դստերը Մեծ Բրիտանիայում որպես պատանդ են պահում
Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ազգականուհին՝ Ռուսաստանում բնակվող Վիկտորյա Սկրիպալը հայտարրաել է, որ մտադիր է դիմել ՌԴ իրավապահ մարմիններին՝ Սկրիպալի դստերը՝ Յուլյային անհայտ կորած ճանաչելու պահանջով, գրում է «Известия»-ն:
Նրա խոսքով՝ այս տարվա փետրվարին կլրանա կես տարին, ինչ ինքը չի խոսել ազգականուհու հետ, և ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Յուլյայի հետ ներկա պահին: Նախկին հետախույզի դուստրը ռուսաստանաբնակ քրոջ հետ վերջին անգամ կապի է դուրս եկել 2018 թվականի հուլիսի 24-ին:
«Ես կհասնեմ նրան, որ նա ճանաչվի անհայտ կորած, իսկ մեր կառույցները սկսեն հետաքննություն նրա առևանգման վերաբերյալ», - ասել է Վիկտորյա Սկրիպալը:
Ըստ նրա՝ Լոնդոնն օգտագործում է Յուլյային որպես պատանդ՝ սեփական քաղաքական շահերն առաջ տանելու նպատակով:
Նա հավելել է, որ ներկայում զբաղվում է իրավապահ մարմիններին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքմամբ:
Ավելի վաղ Վիկտորյա Սկրիպալը հայտարարել էր, որ իր հորեղբորն ու նրա աղջկան հնարավոր է բռնի կերպով են պահում բրիտանական ռազմական բազաներից մեկի տարածքում: Թեև հորեղբոր ողջ լինելու վերաբերյալ Վիկտորյան նույնպես լուրջ կասկածներ ուներ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը 2018-ի մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել էին իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:










