Ռուսաստանում ուսուցիչը դասից ուշացած աշակերտներին ստիպել է հակագազեր կրել
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան Ուդեում 7-րդ դասարանի աշակերտները դասից ուշանալու պատճառով ստիպված են եղել ուսուցչի պարտադրանքով հակագազ կրել, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Բուրյաթիայում երեխաների իրավունքների հարցերով լիազոր մարմնին:
Միջադեպը տեղի է ունեցել Կենսագործունեության անվտանգության հիմունքների դասի ժամանակ: Երեխաներն ավելի ուշ բողոքել են ծնողներին, ինչից հետո տեղի ունեցածի մասին տեղեկացվել է դպրոցի տնօրենը, սակայն կատարվածը շտկելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:
Ավելի ուշ օմբուդսմենի գրասենյակից արձանագրել են, որ ուսուցիչը կիրառել է մանկավարժության սկզբունքներին ոչ հարիր դաստիարակչական մեթոդներ, ինչի համար կարգապահական նկատողություն է ստացել:
Դպրոցի տնօրինությանը նաև խորհուրդ է տրվել բացատրական աշխատանքներ տանել ուսուցչական կազմի հետ՝ աշակերտների իրավունքների, հարգանքի դրսևորման, բռնության ու վիրավորանքների ամեն տեսակի բացառման, նրանց կյանքի ու առողջության պահպանման հետ կապված:










