ԱԺ–ն հնարավորություն կունենա ծանոթանալ ՀՀ դեսպանների աշխարհայացքին` մինչև դիվանագիտական աշխատանքի մեկնելը. «Լուսավոր Հայաստանի» նոր նախագիծը

17:45 • 30.01.19

Հունվարի 30-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը նոր հոդվածով լրացնելու առաջարկությամբ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նախագծով նախատեսվում է`

1)օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, մինչև նրանց նշանակվելը, կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ,

2)իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչութունների ղեկավարների հետ կազմակերպում է համատեղ հանդիպումներ: 

Այսպիսով, առաջարկի ընդունմամբ, նոր Հայաստանի խորհրդարանը հնարավորություն կունենա ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում իրենց առաքելությունն իրականացնող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց պատկերացումներին, աշխարհայացքին և աշխատանքային առաջնահերթություններին մինչև դիվանագիտական աշխատանքի մեկնելը։ 

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում սա չափազանց կարևոր գործիք կդառնա՝ որակական նոր մակարդակի բարձրացնելու Հայաստանի դիվանագիտական աշխատանքը, բացառելու անցյալի արատավոր քաղաքական նշանակումները՝ հօգուտ պրոֆեսիոնալ և հմուտ դիվանագետների։