Չինացի օդաչուներին արգելել են ծխել իրենց խցիկներում
Չինաստանում օդաչուներին արգելել են ծխել իրենց խցիկներում նաև ներքին չվերթների ժամանակ, որոշումը կայացրել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հայտնի է, որ միջազգային չվերթների ժամանակ օդաչուների խցիկներում ծխելը Չինաստանում արգելված է շուրջ 20 տարի, իսկ այժմ արգելքը տարածվել է նաև ներքին չվերթների վրա:
Օդաչուների խցիկը վերջին տեղն էր օդանավում, որտեղ օդաչուները կարող էին իրենց թույլ տալ ծխել, օդանավի սրահում ծխելու արգելքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հոկտեմբերից, իսկ օդաչուների խցիկում ծխելու արգելքի կիրառմանն ի սկզբանե պլանավորվում էր անցնել դրանից երկու տարի անց:
Ամբողջական արգելքի որոշումը հետևանք է վերջերս Հոնկոնգից Դալյան չվերթի ժամանակ օդաչուներից մեկի սխալ գործողությունների: Օդանավի երկրորդ օդաչուն էլեկտրոնային ծխախոտի ծուխը վերացնելու համար սխալմամբ անջատել էր օդափոխման համակարգը, ինչը հանգեցրել էր սրահում թթվածնի մակարդակի իջեցմանը: Այդ ժամանակ աշխատել էր վթարային ազդանշանի համակարգը, և օդաչուները ստիպված էին եղել սկսել օդանավի իջեցման գործընթաց:










