Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա, որի շրջանակում հանդիպումներ կունենա հյուրընկալող երկրի բարձրագույն ղեկավարության հետ

11:32 • 30.01.19

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի Քյոլն քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի  գերմանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Քյոլնի քաղաքապետի հետ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Քյոլնի տեխնիկական համալսարան և հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: