Աստրախանի դպրոցներում ռումբի առկայության մասին ահազանգեր են ստացվել
Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի մի շարք դպրոցներում ռումբերի առկայության մասին ահազանգեր են ստացվել, հաղորդագրությունները դպրոցներին են ուղարկվել էլեկտրոնային փոստի միջոցով, տեղեկացնում է RT հեռուստաալիքը:
«Հաղորդագրություններ են ստացվել կրթական հաստատությունների ականապատման մասին: Տեղեկությունը ստուգելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար այնտեղ են ուղարկվել իրավապահ մարմինների աշխատակիցներ»,- հայտնել է իրավապահ մարմիններում անանուն աղբյուրը:
Նշվում է, որ խոսքն Աստրախանի մոտ 10 դպրոցի մասին է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամուրի մարզում ավելի քան 30 օբյեկտների ականապատման մասին կեղծ ահազանգերի հիման վրա արդեն քրեական գործեր են հարուցվել:
Անցյալ շաբաթ կեղծ ահազանգեր էին ստացվել Խաբարովսկի և Պրիմորիեի երկրամասերում, Սախալինում և Կամչատկայում մի շարք շենքերի ականապատման մասին:










