Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով ավելի քան 120 պաշտոնյա է աշխատանքից ազատվել

12:35 • 30.01.19

Սաուդյան Արաբիայի քաղաքապետարանների հարցերով նախարարությունը կոռուպցիայի մեղադրանքով 126 պաշտոնյայի է աշխատանքից ազատել, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Նրանք մեղադրվում են ֆինանսական և վարչական կոռուպցիայի, իշխանության չարաշահման, ինչպես նաև այլ իրավական և քրեական խախտումների համար»,- ասված է նախարարության թվիթերյան էջում:

2017թ.-ի նոյեմբերին երկրի իշխանությունները թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ զանգվածային արշավ էին սկսել, որի շրջանակում հարյուրավոր քաղաքական գործիչներ, գործարարներ և թագավորական ընտանիքի անդամներ էին ձերբակալվել: Նրանցից շատերը պետությանը իրենց ակտիվների մի մասը տրամադրելու դիմաց ազատ էին արձակվել: