Ադրբեջանը Թուրքիային է արտահանձնել Բաքվում գյուլենական համայնքի ղեկավարներից մեկին

18:13 • 30.01.19

Ադրբեջանը Թուրքիային է արտահանձնել Բաքվում գյուլենական համայնքի ղեկավարներից Իբրահիմ Է.-ին, այս մասին գրում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հայտնի է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամը հանդիսանում էր նաև գյուլենական համայնքին պատկանող «Զաման» թերթի՝ Բաքվի խմբագրության ղեկավարը:

Աղբյուրը նշում է, որ Իբրահիմ Է.-ն արդեն տեղափոխվել է Անկարա:

Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է Գյուլենի արտահանձնումը՝ համարելով նրան ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր պատասխանատուն, սակայն ամերիկյան կողմը մինչ օրս հնչեցված մեղադրանքները բավարար հիմնավոր չի համարել:

Թեև հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սահմանված արտակարգ դրության ռեժիմն արդեն չեղարկվել է՝ երկրի ամբողջ տարածքում շարունակվում են գյուլենականների հետապնդումներն ու ձերբակալությունները: