Գուաիդոն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Մադուրոյի դեմ

15:01 • 30.01.19

Ինքն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, այս մասին նա ասել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

Վենեսուելական ընդդիմության առաջնորդը հարցազրույցում հույս է հայտնել, որ ԵՄ-ի՝ Մադուրոյին վերջնագիր ներկայացնելը սոսկ սպառնալիք չէ և որ եվրոպական երկրները կոնկրետ միջոցներ կձեռնարկեն հետագայում:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպային ցուցաբերած աջակցության համար: Գուաիդոն նաև մտահոգություն է հայտնել, որ եթե իրավիճակը չշտկվի, Վենեսուելայում կարող է ավելի շատ մարդ մահանալ:

Հիշեցնենք, որ Կարակասում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել ընդդիմադիր առաջնորդին, սակայն կան մի շարք երկրներ, որոնք իրենց աջակցութունն են հայտնել Մադուրոյին:

Ավելի վաղ Մադուրոն հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ պահանջելով ամերիկացի դիվանագետներից երկիրը լքել 72 ժամվա ընթացքում, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրաժարվել է ընդունել այդ պահանջը՝ հայտարարելով, որ Մադուրոն նման որոշում կայացնելու լիազորություն չունի: