ԱՄՆ-ում գործող հայկական կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում. Արայիկ Հարությունյան

14:25 • 31.01.19

ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի անընդունելի և անհասկանալի են քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խստորեն դատապարտում եմ այս արարքը և հույս ունեմ, որ առաջիկայում իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն միջադեպի ամբողջական բացահայտմամբ և կբացառեն նման երևույթների կրկնությունն ապագայում։

Ես ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանից այդքան հեռու գործում են կրթական այնպիսի օջախներ, ինչպիսին են Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանները։ Վստահ եմ, որ նման մանր արարքները ոչ միայն չեն տխրեցնելու, այլև լրացուցիչ խթան են դառնալու ավելի մեծ եռանդով առաջ գնալու համար։

Մենք ձեզ հետ ենք»,- գրել է նախարարը: