Բիզնեսի համար ավտոկայանատեղեր ստեղծելը ոչ թե քաղաքապետարանի, այլ բիզնեսի խնդիրն է. Հ. Կարապետյան
Բիզնեսի համար ավտոկայանատեղեր ստեղծելը ոչ թե քաղաքապետարանի, այլ բիզնեսի խնդիրն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Երբ բիզնեսը շենքային պայմաններ է փնտրում կամ նորակառույց շենք է նախատեսում իր բիզնեսի համար, նաև պետք է հաշվի առնի՝ իր աշխատակիցները որտեղ են կայանելու»,- նշեց նա:
Քաղաքային իշխանությունները, այդուհանդերձ, Երևանի կենտրոնում կամ կենտրոնին հարող տարածքներում ստորգետնյա կամ վերգետնյա ավտոկայանատեղիներ կառուցելու նախագծեր է մշակում: Հակոբ Կարապետյանի խոսքով՝ ավտոկայանատեղիների ծրագրերը դեռ նախագծման, հաշվարկման փուլում են, առաջիկայում ավելի կոնկրետ տեղեկատվություն կտրվի:
Հիշեցնենք, որ ավագանու հունվարի 29-ի նիստում «Էլիտ» պլազայի, «Ամերիա» ընկերության և «Տաշիրի գրուպի» անունից հանդես եկող Սարգիս Կարապետյանի՝ ծառայողական ավտոկայանատեղի ունենալու թույլտվությունը մերժվել էր։
Հակոբ Կարապետյանը նշում է, որ քաղաքապետարանը գերակա է համարում տեղաշարժվելու, հրապարակները բաց պահելու մոտցեումը:
«Ընդհանրապես քաղաքի կենտրոնը բեռնաթափելու խնդիր է դրված: Իրականում, խնդիրը բազմաշերտ է, մենք գիտենք, որ տրանսպորտի համակարգի, մեղմ ասած, թերի և անբավարար լինելու պայմաններում շատ-շատ աշխատող մարդիկ նախընտրում են սեփական մեքենաներով գալ աշխատանքի: Շատ-շատերն ակնկալում են, որ տրանսպորտի հարցը լուծելու դեպքում կհրաժարվեն իրենց մեքենաները հաճախակի օգտագործելուց»,- ասաց քաղաքապետի մամուլի քարտուղարը:










