ԱՄՆ-ում կարող են ազատ արձակել սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդներից մեկին

06:46 • 31.01.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պայմանական վաղաժամ ազատ արձակման հարցով հանձնաժողովը չորեքշաբթի՝ հունվարի 30-ին, թույլատրել է ազատ արձակել 20-րդ դարի ամենադաժան հանցագործներից մեկի՝ սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի ամենաերիտասարդ հետևորդին՝ Լեսլի Վան Հաութենին, որը բանտում է գտնվում ավելի քան 40 տարի: Այս մասին հաղորդում է BNO News լրատվական պորտալը:

Վան Հաութենը, որն այժմ 69 տարեկան է, մահապատժի էր դատապարտվել 1971 թվականին, սակայն երբ Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը չեղարկել է մահապատիժը, նրան դատապարտել են ցմահ ազատազրկման:

Մենսոնի հետևորդը պայմանական վաղաժամ ազատ արձակման դիմում ներկայացնելու իրավունք է ստացել 1977 թվականին և մինչ օրս մերժվել է 16 անգամ: 2016 և 2017 թվականներին պայմանական վաղաժամ ազատ արձակման հարցով հանձնաժողովը որոշել է թույլ տալ ազատ արձակել Վան Հաութին, սակայն այդ որոշումը չեղարկել է Կալիֆոռնիայի այն ժամանակվա նահանգապետ Ջերի Բրաունը: Առայժմ հայտնի չէ, թե կհետևի արդյոք Բրաունի օրինակին ներկայիս նահանգապետ Գևին Նյուսոմը, ուստի կա հավանականություն, որ Լեսլի Վան Հաութենը կարող է ազատ արձակվել:

Картинки по запросу leslie van houten charles manson

Լեսլի Վան Հութենը 20-րդ դարի ամենադաժան հանցագործներից մեկի՝ Չարլզ Մենսոնի հետևորդներից էր և նրա ղեկավարած «Ընտանիք» կուլտային հանցագործ խմբավորման անդամը: Այս խմբավորումը ստեղծվել է 1960-ականներին Կալիֆոռնիա նահանգում: Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների միջոցով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիցները դաժանաբար սպանել են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, ով այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում։

Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը վերացրել է պատժի այդ ձևը, և նրանք դատապարտվել են ցմահ բանտարկության։ «Ընտանիքի» ղեկավար Չարլզ Մենսոնը մահացել է 2017 թվականի նոյեմբերին 83 տարեկանում: