Ընկերության տնօրենը պնդում է՝ Մասիսի քաղաքապետն իր բիզնեսի համար խզել է աղբահանության մրցույթում շահած ընկերության հետ պայմանագիրը. փոխքաղաքապետը մեղադրանքը որակում է «անբարո սուտ»
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, չարաշահելով իր լիազորությունները, լուծարել է քաղաքում աղբահանություն իրականացնելու մրցույթը շահած և ընդամենը 9 օր աշխատած «Մասիսի բնակարանային կոմունալ» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ֆելիքս Պողոսյանը: Նրա խոսքով՝ մշտապես սկանդալային կիզակետերում հայտնված քաղաքապետը նման որոշում է կայացրել սեփական բիզնես շահերն առաջ տանելու նպատակով:
Ֆելիքս Պողոսյանը նշեց, որ Մասիսի քաղաքապետի դեմ հանցագործություն կատարելու մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, Վերահսկողության ծառայության պետին, ոստիկանապետին, նաև որոշումը բողոքարկելու դիմում ներկայացրել Տարածքային կառավարման նախարարին, Արարատի մարզպետին ու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ֆելիքս Պողոսյանը նշեց, որ «Մասիսի բնակարանային կոմունալ» ԲԲԸ-ն, որի սեփականատերն է Միշա Հակոբյանը, մասնակցել է 2018թ. դեկտեմբերի 25-ին քաղաքապետարանի հայտարարած աղբահանության մրցույթին և հաղթող ճանաչվել, իսկ այս տարվա հունվարի 17-ին նրա հետ կնքվել էր պայմանագիր:
Մրցույթին մասնակցել է նաև «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն, որը, ըստ Պողոսյանի, ոչ պաշտոնապես պատկանում է քաղաքապետին, իսկ ընկերությունն աշխատեցնում է Համբարձումյանի սանիկը: Պողոսյանի խոսքով՝ քաղաքապետը, հիմնելով այդ ընկերությունը, նախորդ 2 տարիներին առանց մրցույթ հայտարարելու իրականացրել է աղբահանություն: Սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո ստիպված է եղել կարգը պահպանել և մրցույթ է հայտարարել՝ չմտածելով, որ այլ օպերատոր ևս կմասնակցի:
«Մրցույթի համար սահմանված գումարը եղել է 22 մլն, մենք մրցույթին մասնակցության հայտ ենք ներկայացրել 16,5 մլն դրամով, այսինքն՝ 5,5 մլն-ից պակաս: Իսկ ինքը 2016թ-ին, երբ քաղաքապետ է դառնում՝ միայնակ մասնակցելով ընտրություններին, այդ ժամանակ բացում է «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն, ու իր սանիկի հետ սկսում են այդ գործունեությունը ծավալել առանց մրցույթի: Քանի որ այդ ժամանակ ինքը թիկունք ուներ, 2017-18 թթ-ին ինքը անօրինական աղբահանություն է իրականացնում, ինքն իրեն «царь и бог» զգալով դնում է ինքը աղբահանում: Հետո դեկտեմբերի 25-ին պարտադրված մրցույթ է հայտարարում, իրենք իրենց ֆիրմայով մրցույթին մասնակցում են՝ 22 մլն-ից 5000 դրամ պակաս առաջարկ դնելով՝ վստահ լինելով, որ երկրորդ օպերատոր, մրցակից չի լինելու: Բայց մենք դնում ենք 16 մլն դրամ, ժամանակը գալիս է, բացում են ու անակնկալի են գալիս, որ «Մասիս կոմունալ» ԲԲԸ-ն շահել է 16,5 մլնով: Ինքը պարտադրված հունվարի 17-ին ինձ հետ կնքում է պայմանագիր, բայց ասում է, որ դա կապ չունի, «երբ ուզեմ, կանգնացնելու եմ»»,- ասաց նա:
Տնօրենի խոսքով՝ հունվարի 25-ին առանց որևէ նկատողության, զգուշացման, զանգում են իրեն, կանչում և տեղեկացնում, որ իրենց գործունեությունը դադարեցված է. «Այսինքն՝ այդ բիզնես գործունեությունն էլի վերցնում են իրենց ձեռքը»:
Իսկ պատճառաբանությունն, ըստ նրա, եղել է տեխնիկական. «Իբր աղբարկղերի հետ խնդիր կա. բայց որևէ խնդիր չկա, մրցույթի կարգով տված է 246 արկղ, որ պետք է տեղադրվի քաղաքում, Մասիսում և Մասիս կայարանում, համայնքը իբրև 56 հատ արկղ ունի, ասեց՝ դուք բերե՛ք, տեղադրե՛ք 195 հատ, հետո պարզվեց, որ համայնքը ոչ թե 56 հատ ունի, այլ 35 հատ, իսկ ես ունեմ 280 հատ արկղ, այսինքն՝ անհիմն պատճառաբանություն է, իբր մենք այդ արկղերը չունենք, բայց մենք ունենք, գրավոր ներկայացրել ենք փաստաբանին, մեր կոմունալի տեխնիկան ավելի հագեցած է: Մեր արկղերը լրիվ նոր են եղել, իրենցը կոռոզիայի ենթարկված, ժանգոտած»,- ասաց նա՝ հավելելով, որ 9 օր աշխատելու ընթացքում էլ անընդհատ խոչընդոտել են իրենց աշխատանքը, գնացել, տեսել են արկղերը պարբերաբար շրջած՝ աղբը մեջը:
Մասիսի փոխքաղաքապետ Նորիկ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը գտնվում է զուտ իրավական դաշտում, իսկ մյուս մեղադրանքները որակեց որպես անբարո սուտ նրանց կողմից:
«Մենք այդ ընկերության հետ որևիցե այլ խնդիր չունենք, այո՛, իրականում հայտարարվել է մրցույթ, և հաղթող ճանաչվել է Ձեր կողմից նշված կազմակերպությունը, որի հետ էլ կնքվել է պայմանագիր»,- ասաց նա և նշեց, որ հստակ պահանջ է եղել, թե քանի աղբարկղ պետք է տեղադրվի, ինչը չի արվել, և արձանագրված աղբարկղերի թվի խախտման հետ համաձայնել է նաև Ֆելիքս Պողոսյանը:
«Հունվարի 21-ի դրությամբ 246-ի փոխարեն Մասիսում տեղադրել է 156 աղբարկղ, քաղաքապետը 22-ին գրավոր ծանուցել է տվյալ կազմակերպությանը և տվել մեկօրյա ժամկետ, որպեսզի վերացնեն թերությունները, և մեկնաբանվել է, որ եթե չիրականացնեն այդ պարտավորությունները, պայմանագիրը միակողմանիորեն կլուծարվի»,- ասաց նա և նշեց, որ դրանից հետո հունվարի 24-ին ձևավորված հանձնաժողովն արձանագրել է, որ տեղադրված է 178 աղբարկղ:
«Քաղաքապետը, ղեկավարվելով պայմանագրի համապատասխան կետով, ինչպես նաև գնումների մասին օրենքով, պայմանագիրը միակողմանի լուծարել է»,- ասաց նա և նշեց, որ գնումների կայքում, հետո նաև բանավոր տեղեկացրել է այդ մասին:
Ինչ վերաբերում է սեփական բիզնես շահերն առաջ տանելու մեղադրանքներին, Հակոբյանն ասաց. «Դա անբարո սուտ է, և ցավալի է, որ փորձելով մտնել նման լուրջ ծառայություններ մատուցելու պրոցեսի մեջ՝ չեն կարողանում ընկալել, որ «Մաքուր Մասիսը» ոչ թե անձի սեփականությունն է, այլ Մասիսի քաղաքապետարանի կողմից հիմնադրված կառույց է, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Մասիսի քաղաքապետարանին, իսկ որ քաղաքապետի սանիկինն է, դա սուտ է»,- ասաց նա:
Ի դեպ, փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ մինչև 2017 թ-ը Մասիս քաղաքում աղբահանության ծառայությունն իրականացվել է «Մասիսի բնակարանային կոմունալ» ԲԲԸ-ի կողմից, և այդ ընկերությունն է ապահովել աղբահանության պարտադիր վճարների հավաքագրումն ու մուտքագրումը քաղաքապետարանի բյուջե:
«Հավաքագրել են մոտավորապես 15-16 մլն դրամ յուրաքանչյուր տարի և մուտքագրել քաղաքապետարանի բյուջե, քաղաքապետարանը սուբսիդավորել է իրենց, ու իրականացրել են ծառայությունը, որակի մասին էլ չեմ խոսում, բնականաբար վատ որակով: Համեմատական կարգով ասեմ՝ «Մաքուր Մասիսը» 2018թ-ին իրականացրել է ծառայություն որակական առումով շատ ավելի բարձր, մոտավոր 300 աղբարկղերի առկայությամբ, իսկ ամենակարևորը՝ քաղաքից հավաքագրել է 37 մլն դրամ աղբահանության գումար և մուտք է արել քաղաքապետարան: Ի՞նչ է ստացվում. 20 մլն-ով «Մաքուր Մասիսն» իրականացնում է աղբահանություն և 37 մլն դրամ մուտք է անում, 17 մլն դրամ շահույթ ստանում քաղաքապետարանը, իսկ այդ նույն բողոքող ընկերությունը ընդամենը 16 մլն դրամ է ցույց տվել, դրա մասին թող մտածեն, այսինքն՝ 20 մլն թաքցրել են»,- ասաց նա:
Նորիկ Հակոբյանը հաստատեց, որ մրցույթ չեն հայտարարել 17-18 թթ-ին, քանի որ ծառայությունն իրականացվել է քաղաքապետարանի կողմից հիմնադրված կառույցի կողմից. «Այսինքն՝ ըստ էության, այդ ծառայություն իրականացողները համարվում են քաղաքապետարանի աշխատողները, իսկ օրենքը թույլ է տալիս»,- ասաց նա:
Փոխքաղաքապետը մեկ այլ դիտարկում էլ արեց. «Այդ բողոքող անձին հարցրե՛ք՝ արդյոք աղբահանության գումար վճարո՞ւմ են, թե՞ ոչ, իրենց ընտանիքները, սեփական կառույցները, որոնք պարտավոր ենք վճարել: Եթե մի անձ, կառույց չի ցանկանում վճարել աղբահանության գումար և փորձում է խոչընդոտներ ստեղծել, ասում է՝ չենք տալու, դատարանով ստացե՛ք, այդ մարդիկ ո՞նց են պատկերացնում՝ Մասիս քաղաքում պատշաճ որակով ծառայություն իրականացնելո՞ւ են, թե՞ չէ»,-եզրափակեց նա:










