Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը կբարձրացվի
Այսօր կառավարութան հերթական նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծ, որի նպատակը ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպումն է:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել Հանրապետության համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը և համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովումը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով վարում էր կառավարության նիստը, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Սուրեն Պապիկյանը գնահատում ընդհանրապես սուբվենցիոն ծրագրերը: «Որքանո՞վ եք բավարարված ծրագրի իրականացման ծավալներով, և խոշորացված ու չխոշորացված համայնքների մասնակցության համամասնությունը ծրագրերում ինչպիսի՞ն է»,-հարցրեց նա:
Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ կառավարության որոշմամբ 152 սուբվենցիոն ծրագիր են ֆինանսավորել, որը կազմել է 1 միլիարդ 620 միլիոն դրամ: Նա նշեց, որ այս տարի իրենց առաջ խնդիր են դրել համայնքների մասնակցությունը ապահովելու համար ավելի վաղ սկսել աշխատանքները: «Հիմնականում խոշոր և խոշորացված համայնքներ են մասնակցում, որոնք կարողանում են ֆոնդային գումար գեներացնել: Եթե համայնքի բնակիչների վերահսկողությունը, ֆոնդային բյուջեն առկա են, ապա պետության համաֆինանսավորման պարագայում ապահովում ենք կարևոր ծրագրերի իրականացում»,-ասաց նա և նշեց, որ նախորդ տարիների ընթացքում համայնքների ջանքերով շատ քիչ ծրագրեր են իրականացվել համայնքում:
Նա նշեց, որ ակտիվություն նկատվում է և սպասում են, որ բուռն մասնակցություն կլինի համայնքներում:
Տիգրան Ավինյանը նկատեց, որ խոշորացված համայնքներում ակնհայտորեն հավելյալ գեներացվում են գումարները, քանի որ ադմինիստրատիվ ծախսերը ավելի քիչ են:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ծրագրեր կան սելավատարների կամ սողանքների ուղղությամբ տարվող աշխատանքների առումով և համոզմունք հայտնեց, որ ոչ մի համայնք սելավատարների խնդիրը առաջնահերթ չի համարում և նախապատվությունը տալիս է տնտեսական շահութաբեր ծրագրերին: «Խնդիրն այն է, թե որտեղ են առաջնահերթությունները, իմ առաջարկությունը աղետների ռիսկերի նվազեցման խնդիրը, քաղպաշտպանության խնդիրը կարևորելն է»,-ասաց նա:










