Ջերմուկի ավագանին մերժել է մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին աջակցելու որոշումը չեղարկելու՝ մարզպետարանի հանձնարարականը

15:16 • 31.01.19

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հանձնարարական է ուղարկել Վայոց Ձորի մարզպետարան, մարզպետն էլ Ջերմուկի համայնքապետին առաջարկել է Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին աջակցելու որոշումը չեղյալ համարել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը, ով 7 ամիս է՝ պայքարում է Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ: Նա տեղեկացրեց, որ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, հիմնվելով նախարարի ու մարզպետի հանձնարարականների վրա, կազմել է որոշման նախագիծ, որին ավագանու անդամները արտահերթ նիստում այսօր դեմ են քվեարկել և, ըստ էության, մերժել են նախարարի և մարզպետի առաջարկությունը. 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված՝ «Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» N 88-Ա որոշումը թողնվել է անփոփոխ։

«Ավագանին իրեն տված լիազորությամբ իր աջակցությունը, իր դիրքորոշումը արտահայտում է ի շահ համայնքի բնակչության: Տարածքային կառավարման նախարարությունից առաջարկություն -գրություն էր եկել մարզպետարան, քանի որ ՏԻՄ մարմիները և պետական կառավարման մարմինները հավասարազոր են, ունեն նույն իրավասությունները, իրենք չէին կարող կարգադրությամբ հանդես գալ, առաջարկով կարող են հանդես գալ, համաձայնության չգալու դեպքում տվյալ նախարարությունը կարող է դիմել ՍԴ: Եղել է առաջարկություն, տվյալ առարկությունը չի համընկել ավագանու դիրքորոշման հետ, ավագանին մնացել է իր համոզմունքներին, որ պիտի սատար կանգնի ժողովրդի դիրքորոշմանը»,-շեշտեց նա:

Ակտիվիստը ընդգծեց, որ եթե Տարածքային կառավարության նախարարությունը դիմի դատարան, ապա Ջերմուկի ավագանին, բնակիչները կմասնակցեն նիստերին և կներկայացնեն իրենց դիրքորոշումը:

Tert.am-ի հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նշեց, որ մարզպետարանը պարզապես փոխանցել է նախարարության գրությունը:

Անդրադառնալով հարցին, թե ինքը կոնկրետ ինչպիսի՞ դիրքորոշում ունի հարցի հետ կապված, մարզպետն ասաց.

«Ավագանու որոշումները պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը, հետագան ցույց կտա՝ համապատասխանող են, թե ոչ, եթե չի բխի ՀՀ օրենսդրության պահանջներից, ապա պետք է փոխվի»:

Ճշտող հարցին, թե իր ասածը նշանակում է, որ կդիմեն դատարա՞ն, մարզպետն ասաց.

«Դիմողը ես չեմ լինելու, հիմա չեմ կարող ասել Տարածքային կառավարման նախարարությունը կդիմի, թե ոչ»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)-ը ներկայացրել էր տարածքային կառավարման նախարարի հանձնարարականը մարզպետին և մարզպետի գրավոր առաջարկությունը՝ ուղղված Ջերմուկի համայնքապետարանին.

«ՀՀ տարածքային կառավարման նախարար Ս․ Պապիկյանի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականը։ «Վայոց Ձորի մարզպետ Տ․ Սարգսյանին՝ Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով»:

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գրությունը Ջերմուկի համայնքապետ Վ. Հովհաննիսյանին՝ «Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականի պահանջների՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով, առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ»։

Ճակատը հայտարարության մեջ նաև նշել էր, որ սա ուղղակի անիրավաչափ և հակադեմոկրատական ճնշում է կառավարությունից ժողովրդավարական ինստիտուտի ու ուղիղ ժողովրդավարությամբ ընդունված որոշումների նկատմամբ։

««Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարում է. «Մենք զորավիգ ենք Ջերմուկ համայնքի բնակիչներին ու ավագանու անդամներին, հուսով ենք, որ նրանք ամուր կմնան ու կշարունակեն պաշտպանել հանրության պահանջը ներկայացնող իրենց որոշումը: Հանրությունը, այդ թվում՝ լրատվամիջոցները, պետք է հետամուտ լինեն, որ քննության ենթարկվի Ջերմուկի ավագանուն նման պահանջներ ներկայացնելու իրավաչափությունը և պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումը»,-նշված էր հայտարարության մեջ: