Տնտեսությունն ընդդեմ բնապահպանության. «Ալ-Ջազիրան» ֆիլմ է պատրաստել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

23:25 • 31.01.19

Արաբական հեղինակավոր «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը 25 րոպե տևողությամբ ֆիլմ է պատրաստել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Ինչպես ասվում է ռեպորտաժում, Հայաստանի նոր կառավարությունը կանգնած է մեծ երկընտրանքի առաջ՝ կապված բազմամիլիոնանոց ծրագրի շարունակության հետ:

«Ծրագրի աջակիցները նշում են, որ այն կարող է օգուտ բերել Հայաստանին՝ օտարերկրյա ներդրումների և աշխատատեղերի տեսքով: Սակայն հակառակորդների և ակտիվիստների կոալիցիան դեմ է հանդես գալիս՝ զգուշացնելով, որ ծրագրի իրականացումը հսկայական բնապահպանական վնաս կհասցնի և վտանգի տակ դնի աշխարհի ամենահազվագյուտ և գեղեցիկ կենդանատեսակներից մեկի՝ Կովկասյան ընձառյուծի ապագան, որի քանակը երկրում հաշվարկվում է 10 կենդանի», - ասվում է «Ալ- Ջազիրայի» պատրաստած տեսանյութում:

Տեսանյութի հեղինակը նշում է, որ Հայաստանի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդպես էլ ուշքի չեկած տնտեսությունը կարող է օգուտ քաղել հանքարադյունաբերական նախագծից, սակայն այն նաև հսկայական բնապահպանական վտանգ է ներկայացնում երկրի եզակի բնությանը:

Ֆիլմում ներկայացված են տարբեր քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների կարծիքները: