Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը հաստատել է ԵԱՏՄ համաձայնագրում փոփոխության մտցման արձանագրության վավերացումը

10:55 • 31.01.19

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորները լիագումար նիստի շրջանակում քննարկել և հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ 2014թ. մայիսի 29-ին կնքված համաձայնագրում փոփոխություն մտցնելու վերաբերյալ արձանագրության վավերացմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշված օրինագիծը խորհրդարանի ստորին պալատի անդամների կողմից հաստատվել էր 2018թ. դեկտեմբերին: Մինչդեռ արձանագրությունը ստորագրել էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ 2018թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում:

Արձանագրության նպատակն է փոփոխություն կատարել ԵԱՏՄ վերաբերյալ 2014թ. մայիսի 29-ին կնքված համաձայնագրի կետերից մեկում, ինչը հնարավորություն կտա Միության Բարձրագույն խորհրդի կազմում ոչ միայն անդամ պետության ղեկավարի, այլև անդամ պետության կառավարության ղեկավարի ներառումը: Միևնույն ժամանակ անդամ պետության կառավարության ղեկավարն իր պետության օրենսդրության համաձայն՝ պետք է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի շրջանակում որոշումներ կայացնելու լիազորություն ունենա:

Փոփոխության մտցման անհրաժեշտությունը պայմանավորված էր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացմամբ, որոնց արդյունքում երկիրը 2018-ի ապրիլից ամբողջությամբ անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Դրանից հետո ՀՀ-ում նախագահի լիազորությունները փոխանցվել են վարչապետին: