«Դա նման է սվաստիկան հրեական դպրոցի վրա փակցնելուն». Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը՝ թուրքական դրոշների փակցման միջադեպի մասին

10:30 • 31.01.19

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել նախօրեին Կալիֆոռնիայի հարավում գտնվող հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտի, մասնավորապես՝ «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վրա թուրքական պետության դրոշները փակցնելու աղմկահարույց դեպքերի առնչությամբ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ոստիկանության բնորոշմամբ՝ կատարվածը դիտարկվում է որպես հանցագործություն՝ հիմնված ատելության վրա:

«Դա համարժեք է նրան, որ նացիստական սվաստիկայի նշանը փակցվի հրեական դպրոցի վրա»,-կատարվածը մեկնաբանել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կորտեսը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում նշել են, որ արարքը միտումնավոր էր ու նպատակ ուներ անարգել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին: 

«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել էր Շիֆը:

Թուրքական դրոշների հետ կապված միջադեպին էր անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը: 

Նա դիմել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ էր արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:

Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) իր երախտագիտությունն էր հայտնել կոնգրեսականներ Շիֆին ու Շերմանին՝ միանալով պատշաճ հետաքննություն անցկացնելու կոչին:

 

 

Image result for Turkish flags left hanging outside two Armenian schools in Los Angeles

Image result for Turkish flags left hanging outside two Armenian schools in Los Angeles

Image result for Turkish flags left hanging outside two Armenian schools in Los Angeles