Ջերմուկ համայնքի ավագանին ընդունել է իր լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որոշում. ՏԿԶՆ պարզաբանումը

20:13 • 31.01.19

Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» մասին հանրագիրը ներկայացվել է համայնքի ավագանուն, որը հավանություն է տվել հանրագրում նշված առաջարկությանը։

Այս մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պարզաբանման մեջ, որում անդրադարձ է կատարվում «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու»  մասին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թ․ դեկտեմբերի 18-ի թիվ 88-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը մերժելու ավագանու որոշման վերաբերյալ տեղեկատվությանը:

Պարզաբանման մեջ ասվում է, որ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «եթե հանրագիրը կամ դրա մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրն ամբողջությամբ կամ մասամբ վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով»:

Համայնքի ավագանին հանրագիրը համապատասխան պարզաբանումներով ոչ միայն չի վերադարձրել բնակիչներին, այլև ընդունել է իր լիազորությունների շրջանակից  դուրս գտնվող որոշում, որով հավանություն է տվել հանրագրում նշված առաջարկությանը։ Նման դեպքերում, համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը իրավասու է համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնելու իր լիազորությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանուն առաջարկել է վերանայել և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը:Իր գործունեության մեջ  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջնորդվել է  ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթն ու լիազորությունները պատշաճ կատարելու հրամայականով։

Հիշեցնենք, որ Ջերմուկի ավագանին մերժել է մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին աջակցելու որոշումը չեղարկելու՝ մարզպետարանի հանձնարարականը: