Մեքսիկայի նախագահը հայտարարել է թմրամաֆիայի դեմ «պատերազմի» ավարտի մասին

13:47 • 31.01.19

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է թմրանյութերի վաճառքով զբաղվող մաֆիայի դեմ հայտարարված «պատերազմը», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պատերազմ չկա: Պաշտոնապես պատերազմ այլևս չկա, մենք խաղաղություն ենք ցանկանում և կհասնենք դրան»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ կառավարությունն այսուհետ իր գլխավոր գործառույթը չի համարում թմրակարտելների ղեկավարներին բռնելը: Դրա փոխարեն նրանք կենտրոնացած են հասարակական անվտանգության ապահովման՝ սպանությունների, կողոպուտների ու մարդկանց առևանգումների թվի նվազեցման ուղղությամբ:

Մեքսիկայում թմրաբիզնեսի պարագլուխների դեմ աննախադեպ «պատերազմը» հայտարարվել էր դեռևս 2006 թվականին՝ նախագահ Ֆելիպե Կալդերոնի իշխանության օրոք: Թմրանյութերի վաճառքով զբաղվող մաֆիայի դեմ պայքարում նա ներգրավվել էր բանակային ստորաբաժանումները, դաշնային ոստիկանությունը՝ բացահայտ «որս» հայտարարելով մեքսիկական հանցավոր աշխարհի ամենավտանգավոր պարագլուխներից շատերի դեմ:

«Պատերազմը» շարունակել է նաև 2012-2018թթ. երկիրը ղեկավարած նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, որի ժամանակ հաջողվել է ոչնչացնել թմրաբիզնեսի մի շարք հայտնի պարագլուխների: