Իտալիայում երիտասարդ ներգաղթյալն իրեն գնացքի տակ է գցել կացության թույլտվության չստանալու պատճառով

14:56 • 31.01.19

Իտալիայի հյուսիսային Տորտոնա քաղաքում Փրինս Ջերի անունով 25-ամյա նիգերիացի ներգաղթյալն իրեն գնացքի տակ է գցել, երբ իշխանություններից մերժում է ստացել երկրում կացության թույլտվություն ստանալու համար, գրում է genovatoday.it կայքը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Երիտասարդը Իտալիա էր եկել 2016թ.-ին՝ նավով: Նա 2 տարուց ավելի ապրում էր Իտալիայում և Migrantes կազմակերպության Ջենովայի մասնաճյուղում կացության թույլտվության հայտ էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել էր:

Կազմակերպության ղեկավար Ջակոմո Մարտինոն, որը ճանաչել է երիտասարդի դին, խոստովանել է, որ իր համար դա շատ ծանր է եղել: Նա նաև բացատրել է, որ Ջերիին ապաստան չի տրամադրվել բավարար հիմքեր չլինելու պատճառով:

«Չեմ ցանկանա, որ երիտասարդի տխուր պատմությունը որևէ կերպ օգտագործվի այնպիսի խոսակցությունների համար, որոնք չեն առնչվում ընդհատված կյանքի նկատմամբ տածած կարեկցանքին»,- պարզաբանել է Մարտինոն: