ԱԱԾ-ում, Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին. Արթուր Վանեցյանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

14:51 • 01.02.19

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ տպավորված է, և ողջունելի, որ ՀՀ-ում կա նման հաստատություն:

Հարցին, թե հնարավոր է ԱԱԾ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հետ բերված գումարներն ուղղվեն այս կենտրոն, Արթուր Վանեցյանն ասաց. «Այդ գումարներն ուղղվելու են մեր պետական բյուջե, և համապատասխան գերատեսչությունները, որոնց հետ ես առնչություն չունեմ, ի պաշտոնե որոշում կկայացնեն և կտրամադրեն այս կամ այն ծախսերի համար, եթե կարիքը լինի, կարծում եմ այս հաստատության վերազինման կամ արդիականության համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տղաներին աշխատանքի ընդունելու հարցին, Արթուր Վանեցյանն ասաց. «Մեծ սիրով ԱԱԾ-ում, Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին, ինձ ասացին՝ մենք մեր պահանջները ներկայացնենք, թե ինչ հմտություններ են պետք, և կնախապատրաստեն, և կգան աշխատանքի: Ես կարծում եմ, որ այդ համագործակցությունը մեզ մոտ կստացվի, և այն զինվորները և սպաները, որոնք վիրավորում են ստացել ծառայությունը կատարելու արդյունքում, ամեն դեպքում իրենք իրենց ոգով սպաներ և զինվորականներ են, և կարծում եմ, որ աշխատանքը Պաշտպանության նախարարությունում առողջական խնդիրներից ելնելով չեն կարող շարունակել, բայց ԱԱԾ-ում շարունակելը, կարծում եմ, ոգևորող և հետաքրքիր կլինի»:

Նա խոստացավ և պարտավորվեց այդ գործընթացը պահել հսկողության տակ: