ՀՀ-Իրան հարաբերություններում առաջնահերթ պետք է լինի Պարսից ծոցը Սև ծովին կապելու միջանցքի ծրագիրը․ Վ. Ոսկանյանը՝ Փաշինյանի՝ Իրան կատարվելիք այցի մասին

21:02 • 01.02.19

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական գալիք այցը Իրան ինքնին դրական ուղերձ է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բարձր մակարդակով հանդիպումները Հայաստանի և Իրանի բարձրագույն ղեկավարների միջև կարող են դրական լիցք հաղորդել հայ-իրանական հարաբերություններին, որոնք Հայաստանում ներքաղաքական պատճառներով որոշակի դադար էին արձանագրել:

«Հայ-իրանական հարաբերությունները մշտապես ընթացել են վերընթաց կորագծով: Մի կարևոր հանգամանք էլ պետք է հաշվի առնել․ Հայաստանի հանդեպ ակնհայտորեն թշնամաբար տրամադրված Ադրբեջանը քարոզչական տիրույթում բավականին ակտիվություն էր դրսևորում՝ փորձելով այդ դադարն օգտագործել ՝ Ադրբեջան-Իրան հարաբերությունների զարգացման իմիտացիա ստեղծելու և Հայաստանի վրա լրացուցիչ քարոզչական ճնշում գործադրելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հետևաբար այցը կրում է ոչ միայն քաղաքական բաղադրիչ, ոչ միայն տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարը կարևորող, այլ նաև դրական քարոզչական տարր հայ-իրանական հարաբերությունների համար:

Հիշեցնենք, որ Գերմանիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Անդրադառնալով Հայաստանի համար  Իրանի հետ հարաբերություններում առաջնահերթություններին՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ եթե խոսում ենք տնտեսական հարաբերությունների զարգացման մասին, ապա պետք է գտնել  այն ընդհանուր «հատման կետը», որտեղ մեր և Իրանի ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են:

«Դա միանշանակորեն պետք է լինի Պարսից ծոցը Սև ծովին կապելու միջանցքի ծրագիրը, որտեղ Հայաստանը կարող է ստանձնել կարևորագույն դերակատարություն, իսկ այդ ծրագրի՝ այս պահին իրականացման փուլում է գտնվում Հյուսիս-Հարավ մայրուղին»,- ասաց նա:

Այս համատեքստում, ըստ Վարդան Ոսկանյանի, պետք է արծարծվի նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը, չնայած որ հնարավոր է՝ այս պահին չգտնվեն այդ ծրագիրը ֆինանսավորողներ:

«Դա կարող է ունենալ քաղաքական կարևոր նշանակություն: Այդ հարցը մշտապես պետք է պահվի օրակարգում»,- ասաց նա՝ հավելելով, որ պարտադիր էլ չէ դրա ոչ շահութաբեր լինելը պատճառ բերել, պետք չէ այդ ծրագրի միայն տնտեսական գոտիները հաշվի առնել,- մենք հենց մեր հարևանությամբ, մեր տարածաշրջանում ունենք ծրագրեր, որոնց շահութաբերությունն ինչ-որ առումով կասկածելի է: Բայց դրանք իրականացվում են՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական պայմանները, պետությունների միջև հարաբերությունները: Տնտեսագետները, այնուամենայնիվ, պնդում են, որ Հայաստան-Իրան երկաթուղին լավ աշխատեցնելու դեպքում կարող է շատ եկամտաբեր լինել»,- ասաց նա:

Երկրորդ կարևոր ոլորտը, որ հայկական կողմի համար Իրանի հետ հարաբերություններում հետաքրքիր է, էներգետիկան է: «Պետք է ոչ միայն առկա օրակարգը իրականացնել՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների մեծացումն ապահովելով, «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը շարունակելով, այլ նաև կարող ենք կրկին տնտեսական կարևոր նշանակություն և աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանի համար դիրքեր ապահովող եռակողմ կամ քառակողմ ձևաչափեր գտնել․ համատեղ էներգետիկ ծրագրերում ներառելով մի կողմից  Վրաստանը, մյուս կողմից Ռուսաստանը, մեկ այլ կողմից՝ Թուրքմենստանը,- ասաց նա՝ նկատելով, որ այդ ամենը կունենա ոչ միայն տնտեսական լուրջ հեռանկար Հայաստանի համար, այլ նաև՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական իմաստով կամրապնդի մեր դիրքերը,- իսկ դա կարող է բարենպաստ ազդեցություն թողնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Ակնհայտ է, որ ուժեղ դիրքում Հայաստանը կարող է ավելի ազդու դեր ունենալ բանակցություններում, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ վարում է Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն»:

Խոսելով նրա մասին, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու դեպքում կարող է առաջացնել ԱՄՆ-ի զայրույթը, Վարդան Ոսկանյանը նկատեց՝ եթե շարժվենք զայրույթ առաջացնելու մտայնությամբ, ապա պետք է որևէ բան չանենք․ «Ցանկացած քայլ, նույնիսկ աննշան թվացող, միանգամից արժանանում է ԱՄՆ-ի ուշադրությանը․ եթե չասենք ճնշումներ, ապա առնվազն հորդորներ Իրանի հետ հարաբերությունները չզարգացնելու մասին, կան: Դա արձանագրված փաստ է, բայց կարծում եմ՝ պետք է առաջնորդվենք Հայաստանի շահերով, առավել ևս, որ մեզ որևէ տրամաբանական այլընտրանք չի առաջարկվում»,- ասաց նա՝ հիշատակելով Ջոն Բոլթոնի հայտարարությունները:

Այս պարագայում Հայաստանը պետք է հաշվի առնի Իրանի հետ հարաբերությունները՝ իհարկե չանտեսելով աշխարհաքաղաքական դերակատարների շահերը: «Այդ պատճառով պետք է լինեն երկու ակտիվ խմբեր, որոնցից մեկը պետք է ակտիվորեն համագործակցի ամերիկյան, մյուսը՝ իրանական կողմի հետ՝ բացատրելու, լոբբիստական աշխատանքներ տանելու առումով, բացատրելու, թե որքան կարևոր են հայ-իրանական հարաբերությունները մեզ համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իրանական կողմից Հայաստանի ակնկալիքներին, ապա, ըստ Վարդան Ոսկանյանի, պետք է հաշվի առնել՝ Իրանը հիմա գտնվում է ծանր պատժամիջոցների տակ, և դժվար թե կարողանա մեծ ֆինանսական ներդրումներ անել:

«Այսուհանդերձ իրանցիների հետ աշխատանքը պահանջում է բավական եռանդ և կորով: Քանի որ ակնհայտ է, որ Իրանի համար դեպի Սև ծով ելքը կարևոր է, իսկ դա նշանակում է, որ  կարևորվում են նաև Հայաստանի հետ հարաբերությունները: Նշանակում է, որ որքան Հայաստանի համար են կարևոր Իրանի հետ հարաբերությունները, նույնքան Իրանի համար կարևորվում են Հայաստանի հետ հարաբերությունները: Իզուր չէր, որ ՄԱԿ-ում Փաշինյան-Ռոհանի հանդիպման ժամանակ Իրանի նախագահը կարևորեց Պարսից ծոց-Սև ծով միջանցքի նշանակությունը, ինչը Հայաստանի համար հստակ ուղերձ է, որ Իրանը պատրաստ է հենց այստեղ համագործակցելու»,- ասաց նա: