Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ստիպված է եղել վաճառել տունն ու պարտքեր է կուտակել Էրդողանին բարոյական փոխհատուցում վճարելու համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Fox TV-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, որ տարբեր դատական որոշումներով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բարոյական փոխհատուցումներ վճարելու պատճառով վաճառել է իր տունը և պարտքեր կուտակել:
«Տունս վաճառեցի, 200 000 լիրա էլ պարտք վերցրի և վճարեցի», - ասել է Քըլըչդարօղլուն՝ նկատի ունենալով Էրդողանի ընտանիքի՝ Մեն կղզում օֆշորային հաշիվների շուրջ բացված դատական գործը:
Էրդողանի ընտանիքի անդամների օֆշորային հաշիվների մասին հայտարարելուց հետո զրպարտության համար մեղադրված Քըլըչդարօղլուին այդ ժամանակ դատարանը պարտավորեցրեց 1 մլն 369 հազ. լիրայի չափով բարոյական փոխհատուցում վճարել:
Ընդդիմության առաջնորդը, սակայն, չի հուսահատվում. նա վստահ է, որ բողոքարկված վճիռները փոխվելու են և ինքը հետ է ստանալու իր գումարները:
Քըլըչդարօղլուն և Էրդողանը պարբերաբար դատի են տալիս միմյանց՝ ելույթների ժամանակ միմյանց հանդեպ հնչեցված վիրավորական արտահայտությունների և մեղադրանքների պատճառով:
Նախօրեին Անկարայի թիվ 26 առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել է նախագահ Էրդողանի ներկայացրած հայցն ընդդեմ ընդդիմության առաջնորդի՝ 5000 լիրա փոխհատուցում նշանակելով։ Գործը կապված էր Քըլըչդարօղլուի ելույթներից մեկի հետ, որով նա մեղադրել էր Էրդողանին ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող ուժերի հետ սերտ կապի մեջ լինելու համար:










