ԱՄՆ-ն փետրվարի 2-ից դադարեցնում է մասնակցությունը հրթիռային պայմանագրին. Պոմպեո
Միացյալ Նահանգները դադարեցնում է պարտականությունների կատարումը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի (ՄՓՀՀՈՊ) շրջանակներում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Ելույթ ունենալով Պետքարտուղարությունում՝ վերջինս հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն պահանջել էր Մոսկվայից երկու ամսվա ընթացքում վերացնել պայմանագրի խախտումները, որոնք ԱՄՆ-ի տեսանկյունից գրանցվել են վերջին մի քանի տարվա ընթացքում:
«Ռուսաստանն այս 60 օրում հրաժարվել է որևէ քայլ կատարելուց՝ վերադառնալու համար պայմանագրի իրական և հուսալի իրագործմանը: Հետևաբար, ԱՄՆ-ն փետրվարի 2-ից դադարեցնում է իր պարտականությունները»,- ասել է Պոմպեոն՝ ընդգծելով, որ պայմանագրի անդամ երկրներին պաշտոնապես տեղյակ կպահեն 6 ամիս ժամկետում պայմանագրից դուրս գալու մասին:










