Սիրիայի փախստականների ճամբարում երեխաների զանգվածային մահվան դեպքեր են գրանցվել

04:58 • 01.02.19

Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող փախստականների ճամբարում երեխաների, այդ թվում` նորածինների զանգվածային մահվան դեպքեր են արձանագրվել: Այդ մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` վերջին ութ շաբաթների ընթացքում Ալ-Հոլ ճամբար է եկել մոտ 23 հազար մարդ: Նրանք հեռացել են Դեյր Զորից, որտեղ հիմա ռազմական գործողություններ են ընթանում:

Ճամբարը ներկայում գերբնակեցված է, այնտեղ 33 հազար փախստական կա, մեծամասնությունը` կանայք և երեխաներ: Մարդկանց մեծ հոսքի պատճառով նրանցից շատերը ստիպված են լինում սաստիկ ցրտին գիշերել բաց երկնքի տակ` առանց վրանների և վերմակների: Երկու ամսում ճամբարում արդեն 29 երեխա է մահացել` հիմնականում ցրտահարությունից: