Լրջագույն մասնագետներ ենք ներգրավել ՀՀ-ում ֆուտբոլը զարգացնելու համար, կառուցելու ենք շուրջ 700 փոքր դաշտ, ֆուտբոլային դպրոցներ, ակադեմիա. Արթուր Վանեցյան

16:10 • 01.02.19

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ ստուգումներ են իրականացվում ֆուտբոլի ֆեդերացիայում:

«Չեմ կարող ասել, որ նախկին ղեկավարների չարաշահումներն ենք բացահայտում, նոր ղեկավարություն է եկել, իսկ Ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տնտեսություն ունի, և ստուգվում,  նայվում է, թե ինչն է ավել, ինչն է պակաս: Ես չեմ ասում, որ պակաս բան կա, կամ վատնած գումարներ կան, դա սովորական գործընթաց է, որը պետք  է արվի ղեկավարության փոփոխությունից հետո»,-նշեց նա:

Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիայում կատարվում է շատ մեծ աշխատանք և վստահեցրեց, որ դրական ձեռքբերումներ են ունենալու: «Լրջագույն մասնագետներ ենք ներգրավել ՀՀ-ում ֆուտբոլը զարգացնելու համար: Շինարարություն ենք անելու, իմ պաշտոնավարման ընթացքում կառուցելու ենք շուրջ 700 փոքր դաշտ և հանձնելու ենք համայնքներին, որ երեխաները տեղ ունենան խաղալու: Ֆուբտոլային դպրոցներ, ակադեմիա ենք կառուցելու, մարզադաշտ ենք կառուցելու, որը մեծ գումարների հետ է կապված»,-ասաց նա:

Արթուր Վանեցյանը նկատեց, որ հանրության որոշ շրջանակներից քննադատություն է հնչում, թե փող ունեք՝ ուրիշ բանի վրա ծախսեք, և նշեց, որ իրենք բյուջեից չեն ֆինանսավորվում, ընդհակառակը` վճարում են հարկեր:  «ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինանսավորումը պետական բյուջեից կազմում է զրո դրամ: Ֆեդերացիան ֆինանսավորվում  է ՖԻՖԱ-ից, ՈՒԵՖԱ-ից և տարբեր միջոցառումների արդյունքում ստանում է շահույթ ու այդ գումարները ծախսվում են նպատակային»,-ասաց նա: