Միացյալ Նահանգները մարդասիրական օգնություն կուղարկի Վենեսուելա

06:54 • 02.02.19

Միացյալ Նահանգները պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել Վենեսուելա: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Խուան Գուաիդոյի խնդրանքով և նրա պաշտոնատար անձանց հետ խորհրդակցելով՝ ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն՝ դեղորայք, վիրաբուժական սարքավորումներ ու սննդային հավելումներ կմատակարարի Վենեսուելայի ժողովրդին: Ժամանակն է, որ Մադուրոն հեռանա ճանապարհից», - գրել է Բոլթոնը:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում գործող նախագահի դեմ հունվարի 21-ին մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հունվարի 23-ին Խուան Գուաիդոն իրեն հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ:

Նրան աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Իսրայելը, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ:

ԵՄ երկրները կոչ են արել ութ օրվա ընթացքում արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել Վենեսուելայում, այլապես Գուաիդոյին կճանաչեն ժամանակավոր նախագահ: