Ստամբուլում ֆիլմի ցուցադրության ժամանակ գերմանական համակենտրոնացման ճամբարները հիշեցնող դեկորացիան արժանացել է տեղի հրեա համայնքի քննադատությանը
Ստամբուլում «Ցիցերոն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարները հիշեցնող դեկորացիան հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել և արժանացել տեղի հրեա համայնքի հակազդեցությանը, այս մասին գրում է գերմանական taz.de կայքի թուրքական ծառայությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի տարածքում հայտնված գերմանացի զինվորի մասին պատմող ֆիլմի պրեմիերան Հոլոքոստը հիշեցնող դեկորացիայի պատճառով լուրջ քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել, սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր այն «սկանդալային են» համարել ու նկատել, որ դա կարող է վիրավորել Թուրքիայի հրեա համայնքին:
Այս առնչությամբ Թուրքիայի հրեական համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել Թուրքիայի կրթության նախարարությանը՝ նշելով, որ «իրավիճակից միակ ելքը ճիշտ կրթվելն է»:
«Ինչո՞ւ Հոլոքոստի մասին չի պատմվել Թուրքիայում: Որտեղի՞ց է գալիս այս անգրագիտությունը: Ինչո՞ւ Թուրքիայում այդպես էլ չցուցադրվեց 1978-ին նկարահանված «Հոլոքոստ» ֆիլմը: Թուրքական պետական TRT հեռուստաալիքը հեռուստասերիալի ցուցադրման հետաձգումն այն ժամանակ բացատրեց «Թուրքիայում առկա իրավիճակի հետ կապված հեռուստասերիալի՝ անբարենպաստ հետևանքներ ունենալու» հավանականությամբ: Որովհետև այդ ժամանակ աշխարհում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներն իրենց բարձրակետում էին, իսկ պաշտոնական Անկարան ոչ միայն 1915-ի, այլև ցանկացած ցեղասպանության ճանաչումից շատ հեռու էր», - թեման մեկնաբանել է թուրք լրագրող Սերդար Քորուջուն:
Հայտնի է, որ «Ցիցերոնի» պրեմիերայից հետո ֆիլմի պրոդյուսեր Մեհմեդ Ուսլուն ներողություն է խնդրել հրեա համայնքից՝ նշելով, որ իրենց նպատակն այդ տարիներին հատուկ միջավայրի ստեղծումն էր:










