«Ղրղզստանը չի բացառում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման hավանականությունը». ՌԴ-ում երկրի դեսպան

10:55 • 02.02.19

Ռուսաստանի Դաշնությունում Ղրղզստանի նոր դեսպան Ալիկբեկ Ջեքշենքուլովը չի բացառում, որ Ղրղզստանի տարածքում կհայտնվի ևս մի ռուսական ռազմաբազա: Այդ մասին նա հայտարարել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

Դեսպանի խոսքով՝ «Կանտ» ավիաբազան կարևոր կայունացնող գործոն է ամբողջ Կենտրոնական Ասիայի համար, և Բիշքեկն աջակցում է դրա ամրապնդման առաջարկին: Այդ ամենի հետ մեկտեղ՝ նոր ավիաբազայի տեղակայումը նույնպես բացառված չէ:

«Այնպես որ, կարծում եմ, հարցը կարող է քննարկվել մարտ ամսին կայանալիք երկու երկրների նախագահների հանդիպմանը», - ասել է Ջեքշենքուլովը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանային մի շարք առանձնահատկություններ՝ ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ժողովրդագրական:


Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է փակել Ղրղզստանում ռազմաբազան, կամ քննարկել դրա ուժեղացման հնարավորությունները, եթե Բիշքեկն այդ մասին խնդրի:


«Եթե Ղրղզստանն ասի, որ մենք այնքան ենք ամրապնդել մեր զինված ուժերը, որ նման բազա պետք չէ, մենք այդ իսկ օրը կհեռանանք»,- ընդգծել էր Պուտինը: