Հոնդուրասը պահանջել է Վենեսուելայի դեսպանից 5 օրվա ընթացքում լքել երկրի տարածքը
Հոնդուրասի իշխանությունները պահանջել են Վենեսուելայի դեսպանից լքել երկրի տարածքը: Այդ մասին հայտարարել է Հոնդուրասում Վենեսուելայի դեսպան Ֆիլինտո Դուրանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հունվարի 31-ին Հոնդուրասը որպես Վենեսուելայի դեսպան է ճանաչել իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի դիվանագիտական ներկայացուցչին: Դուրանից պահանջել են լքել երկիրը նոր դիվանագիտական ներկայացուցչի ճանաչումից հետո 5 օրվա ընթացքում:
«Նախօրեին ինձ կանչել են Հոնդուրասի արտգործնախարարություն, որտեղ ինձ համար ընթերցվել է հայտարարությունը, ըստ որի իշխանություններն ինձ այլևս չեն ճանաչում որպես դեսպան», - նշել է Դուրանը:
Դեսպանն, իր հերթին, այս ամենի մասին տեղեկացրել է Վենեսուելայի ԱԳՆ-ին, այստեղից նրան հորդորել են վերադառնալ հայրենիք նշված ժամկետներում՝ ընդգծելով, որ «Հոնդուրասը, ցավոք, չի հարգում ո՛չ միջազգային օրենքը, ո՛չ հաստատված դիվանագիտական արձանագրությունները»:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում գործող նախագահի դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հունվարի 23-ին Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրան աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Իսրայելը, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ:










