Քաղաքին կանաչ տարածքներ են պետք. մշակութային գործիչները դրական են համարում սրճարաններն ապամոնտաժելու որոշումը (տեսանյութ)

12:00 • 02.02.19

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման խնդրին այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձան Ճարտարապետների պալատի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը և ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ Օպերայի հարակից հատվածը, Օղակաձև այգու հատվածը գերբեռնված են և շատ լավ է, որ այդ ապամոնտաժման աշխատանքները սկսվել են: «Ոչ մեկը չի ասում՝ քարացած միջավայր ստանանք, սակայն դա բալանսավորված պետք է լինի՝  գոյություն ունեցող նորմերի համաձայն: Ես կարծում եմ՝ Մեսչյանը և քաղաքապետարանը շատ ճիշտ որոշում են կայացրել»,-ասաց նա և նշեց, որ սեփականատերերը, ըստ պայմանագրի՝ գիտեին պայմանները:

«Օղակաձև զբոսայգում շատ սիրուն քանդակներ կան, բայց դրանք չեն երևում, չի կարելի նման բաներ թույլ տալ»,-ասաց Մկրտիչ Մինասյանը: Նա, անդրադառնալով սրճարաններ կառուցելու թույլտվություններ տալուն, նկատեց, որ այն ժամանակ քսան քառակուսի մետրանոց սրճարան կառուցելու համար էին թույլտվություն խնդրում՝ պայմանով, որ 120 քառակուսի մետրը պետք է կանաչապատեն, սակայն դա չի պահպանվել և ճիշտ հակառակ մոտեցումն է եղել:

«Ես կցանկանայի, որ իրենց նախնական վիճակին վերադառնային տարածքները, որ նախագծվել են, այսինքն՝ հեղինակային իրավունքը պահպանվեր, և այդ տարածքը լիներ միայն կանաչ գոտի»,-ասաց նա և նշեց, որ չի ցանկանում մեղավորներ գտնել այս հարցում:

Ինչ վերաբերում է աշխատատեղերի խնդրին, ապա Կարեն Աղամյանն ասաց, որ այդ աշխատատեղերը մեկ այլ տեղ պետք է բացվեն:

Տիգրան Արզումանյանը համաձայնեց, որ քաղաքը ապրող օրգանիզմ է, փոփոխությունների ենթակա է, սակայն միշտ բոլորը ահազանգել են, որ կանաչ տարածքները վերածվում են սրճարանների: «Ես տեսնում եմ, որ մի տեսակ Երևանի կենտրոնը դարձել է տաք տուն»-ասաց նա և առաջարկեց, որ այդ սրճարանները լինեն ամռան սեզոնին՝ քանդվող հավաքվող կոնստրուկցիայով, քանի որ ներկայումս անթույլատրելի բաներ կան:

Նա բոլոր ոլորտներում կարևորեց չափի զգացումը: Անդրադառնալով Օղակաձև այգուն՝  Տիգրան Արզումանյանն այստեղ ևս բազում խնդիրներ նկատեց: «Մեր քաղաքին կանաչ տարածքներ են պակասում: Պետք էր նախագծողները պահանջեին, որ կանաչ տարածքները զբոսայգիներում պահպանվեին»,-ասաց նա:

Անդրադառնալով «Հին Երևան» նախագծին՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ի սկզբանե դեմ է եղել այդ նախագծին, դա բիզնես ծրագիր է: «Դա ոչ մի կապ չունի Հին Երևանի հետ, բայց դրանով աղավաղում ենք Թամանյանի գլխավոր հատակագիծը»,-ասաց նա և նշեց, որ հիմա արդեն ուշ է խոսել այդ մասին: