Խաչվել են երկու տարբեր մոտեցումներ՝ ավանդույթ և օրենք. իմ կարծիքով՝ պետք է գործի օրենքը. Հ. Հովհաննիսյանը՝ եկեղեցու՝ դպրոցներ «մուտք գործելու» մասին

11:14 • 03.02.19

Խաչվել են երկու տարբեր մոտեցումներ՝ ավանդույթ և օրենք, և պետք է հասկանանք՝  տարիներ շարունակ գործող ավանդո՞ւյթն է մեզ պետք, թե՞ օրենքը. իմ կարծիքով՝ պետք է գործի օրենքը:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԳՆ նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի վերջո եկեղեցին դպրոցում անելիք ունի՞, թե ոչ:  

«Խնդիրն օրենքի դաշտում է գտնվում, որպեսզի օրենքի տառի պահանջը պահպանվի, այսինքն՝ ըստ օրենքի՝ դպրոցն աշխարհիկ հաստատություն է, և հետևաբար, դպրոցը պետք է զերծ մնա կրոնական քարոզչությունից, և ոչ միայն դպրոցը, այլև բոլոր ուսումնական  հաստատությունները, բուհական հաստատությունները: Կրոնական և քաղաքական քարոզչությունը ուսհաստատություններում արգելվում է ըստ օրենքի: Հիմա խնդիրը հետևյալի մեջ է՝ քարոզչությո՞ւն է նույն այդ Հայ եկեղեցու պատմություն առարկան, թե՞ ոչ»,-ասաց նա:  

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այցով եղել է Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ անկիրթ վերաբերմունք է ցույց տվել պատահաբար դպրոց այցելած քահանայի նկատմամբ և ասել, թե «դու այստեղ ի՞նչ ես անում»: Արայիկ Հարությունյանը հերքել էր նման միջադեպը և նշել, որ Հայ եկեղեցու պատմության դասավանդման հետ կապված խնդիրը քննարկել են Տեր Դավիթի հետ և ձեռքսեղմումով ավարտել զրույցը:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը «Կրոնագիտություն» առարկա է դասավանդել ԵՊՀ-ում և հիմա էլ Ամերիկյան համալսարանում է դասավանդում «Ծանոթություն կրոնին» առարկան, բայց չի դասավանդում քարոզչության միջոցով:  

«Այսինքն՝ այստեղ ավելի շատ մեթոդն է, թե ինչպիսի մեթոդով է այն իրականացվում: Օրինակ՝ տարիներ առաջ  խոսեցինք, որ դասերը աղոթքով չսկսեն, և նույնիսկ քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ես գիտեմ, որ հրահանգել էր բոլոր ուսուցիչներին, որ դպրոցներում այդ առարկան չսկսեն աղոթքով, որովհետև դա դիտվում է որպես քարոզ: Այսինքն՝ նույնիսկ Էջմիածնում հասկացել էին այդ տարբերակման իմաստը և  իրենք էին հրահանգել, որ քարոզ չանեն, բայց որոշ ուսուցիչներ շարունակում էին դասը վարել քարոզչության անվան ներքո, որը, կարծում եմ, որոշ ուսուցիչների ճիշտ չվերապատրաստման կամ ոչ կոմպետենտ լինելու արդյունք է»,- ասաց նա:

Հարցին, թե հոգևոր հայրերի այցելությունը հիմա քարոզչությո՞ւն է, թե՞ ոչ, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ պետք է հասկանալ՝ դպրոց նրանց այցը ինչպիսի նպատակ է  հետապնդում. «Եթե քարոզխոսական նպատակ է հետապնդում, բնականաբար, օրենքը պահանջում է, որ քարոզխոսություն կամ կրոնական քարոզչություն դպրոցում չլինի: Իհարկե, այստեղ մեջբերվում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերի մասին, պատմական դերի մասին, բայց դա պատմական դերի մասին է, և տվյալ պարագայում այդ նույն տրամաբանությամբ այլ կրոնական կազմակերպություններ նորից կարող են պահանջել դպրոց մտնել, և որևէ մեկը նրանց չի կարող արգելել, այստեղ օրենքի ոչ թե  մեկնաբանության խնդիր է, այլ օրենքի պահպանման խնդիր»:

Իսկ թե հոգևոր հայրն ինչ այլ պատճառով պետք է գնար դպրոց, որ քարոզչություն չդիտվեր, Հովհաննիսյանն ասաց, որ հնարավոր է՝ հոգևոր հայրը դպրոց է գնացել, որովհետև իր երեխան դպրոցում է սովորում, և բնականաբար որպես ծնող հանգիստ կարող է գնալ: «Կարող է՝ հատուկ կիրակնօրյա միջոցառում է կազմակերպել, նորից պետք է նայել համապատասխանությունը օրենքին, վերջիվերջո մենք ուզում ենք օրենքո՞վ շարժվել, թե՞ այլ սկզբունքներով շարժվել, սա է խնդիրը: Ինձ համար մի բան հստակ է, որ ՀՀ-ում պետք է գերակա լինի օրենքը, և ես էմոցիոնալ դաշտում չեմ դիտարկում խնդիրը, ինչպես քահանաներից մեկը իր գրառման մեջ նախարարի հասցեին բավական էմոցիոնալ գրառում էր արել, որը, կարծում եմ, շատ դրվագներով կոռեկտ չէր»,- ասաց նա:

ԱԺ պատգամավորի կարծիքով՝ կոռեկտության սահմաններն անցնում են, երբ որ  իրավական դաշտում խոսակցությունը վերջանում է. «Այսինքն՝ երբ չկան փաստարկներ ու հակափաստարկներ, սկսվում է էմոցիոնալ մեղադրանքների ու վիրավորանքների փուլը, մենք պետք է վերանանք այս էմոցիոնալ ֆոնից, որովհետև ինքը բավական զգայուն թեմա է, և յուրաքանչյուր ասված բառ կարող է մեկնաբանվել ինչպես ուզենք, և մենք տեսնում ենք՝ ինչքան նախարարի  դիրքորոշման պաշտպաններ կան, այնքան հակառակ կողմից կան մարդիկ, որոնք պնդում են, որ քահանաները պետք է դպրոց մտնեն: Մենք հստակ պետք է դիրքորոշում ամրագրենք, որն է օրենքի տառին համապատասխանությունը: Եթե իրավական խնդիր չկա քահանայի՝ դպրոց մտնելու հետ կապված, քավ լիցի, բայց օրենքը ասում է, որ քարոզը արգելվում է դպրոցում»:

Հովհաննիսյանը շեշտում է, թե նույն հաջողությամբ ինչու կուսակցությունները դպրոցներ ու բուհեր չեն մտել և հանդիպումներ չեն ունեցել աշակերտների ծնողների, ուսանողների հետ. «Որովհետև օրենքն արգելել է, և բուհերն արգելել են, սա գրեթե նույն հարթության մեջ գտնվող հարց է»: