Գուաիդոն շնորհակալություն է հայտնել Կոլումբիայի նախագահին՝ Վենեսուելայում հումանիտար օգնության տրամադրման կետեր ստեղծելու համար

13:30 • 03.02.19

Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ, իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոն Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին շնորհակալություն է հայտնել երկրում հումանիտար օգնության տրամադրման կետեր ստեղծելու համար:

«Մենք երախտապարտ ենք աջակցության համար: Մենք եղբայր պետություններ ենք և գնահատում ենք Կոլումբիայի՝ անհապաղ օգնություն ուղարկելու ձգտումը: Վենեսուելան ունի դրա կարիքը»,- իր թվիթերյան էջում գրել է Գուաիդոն:

Ավելի վաղ ընդդիմադիր առաջնորդը հայտնել էր երեք մատակարարման կետի ստեղծման մասին, որտեղով արտերկրից ուղարկված հումանիտար օգոնւթյունը Վենեսուելա կհասնի: Դրանք տեղակայված են սահմանամերձ Կուկուտա քաղաքում, Բրազիլիայի սահմանին ու Կարիբյան ծովի կղզիներից մեկի վրա:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Վենեսուելայում երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են ծավալվում:

ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ճանաչել են Գուաիդոյի ժամանակավոր իշխանությունը երկրի նախագահի պաշտոնում, մինչդեռ Ռուսաստանը, Բոլիվիան, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ Մադուրոյին համարում են երկրի օրինական, ժողովրդավարական կարգով ընտրված նախագահ: