Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմական այց կկատարի ԱՄԷ

11:26 • 03.02.19

Այսօր՝ փետրվարի 3-ին, կաթոլիկների առաջնորդ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ այսպիսով դառնալով Արաբական թերակզղի այցելած առաջին պապը:

Ինչպես նշում է BBC-ն, Հռոմի պապը հրավիրվել է Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանի կողմից՝ միջդավանական համաժողովի մասնակցելու նպատակով:

Պատմական այցի շրջանակներում փետրվարի 5-ին պատարագ կմատուցվի, որին ակնկալվում է շուրջ 120 հազար մարդու մասնակցություն:

Հայտնի է, որ ԱՄԷ-ում Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտ 1 մլն հետևորդ է բնակվում, որոնց մեծ մասը Ֆիլիպիններից կամ Հնդկաստանից են:

Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապն իր տեսաուղերձում հայտնել էր, որ ուրախ է կրոնների հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացելու հնարավորության համար, ինչպես նաև իր հարգանքի տուրքն է մատուցել ԱՄԷ-ին՝ որպես մի երկրի, որը փորձում է համակեցության, եղբայրության, բազմազան քաղաքակրթությունների և մշակույթների գոյակցման մոդել հանդիսանալ: