Մրգավետի դպրոցի տնօրեն ապօրինություններով ընտրվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն. Լուսինե Արշակյան (տեսանյութ)
Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցի տնօրենն ընտրվել է ապօրինություններով: Ընտրվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը:
Հունվարի 29-ին տեղի է ունեցել դպրոցի տնօրենի ընտրությունը՝ կառավարման խորհրդի 8 անդամների, մարզի կրթության բաժնի աշխատակցի և ԿԳՆ ներկայացուցչի ներկայությամբ. «Իրավաբանորեն ամբողջ ընթացակարգը կատարվել է ճշգրտությամբ: Պահպանվել են օրենքի բոլոր կետերը»,- ասաց Լուսինե Արշակյանը:
Նրա խոսքով՝ հայտարարված մրցույթին մասնակցել է 4 թեկնածու և բոլորին բավականին երկար ժամանակ է տրված եղել դպրոցի զարգացման իրենց ծրագրերը ներկայացնելու համար:
«Տնօրենի ընտրությունը ունի երկար նախապատմությունը: Դեռևս նոյեմբերից, երբ ՀՀ-ն պատրաստվում էր ԱԺ ընտրություններին, բոլոր գյուղերում տեղակայվում էին շտաբներ: Այս դեպքում «Իմ քայլը» դաշինքի շտաբը տեղակայված էր դպրոցի տնօրենի թեկնածու, ով հետագայում ընտրվեց տնօրեն, Արևիկ Թարվերդյանի բակում: Իսկ շտաբի պետ էր արդեն Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Մհեր Գևորգյանը»,- հայտնեց Լուսինե Արշակյանը:
Հոկտեմբերի 25-ին դպրոցի գործող տնօրեն Վրեժ Զոհրաբյանը թոշակի անցել, որից հետո մրցույթ է հայտարարվել դպրոցի տնօրենի թափուր հաստիքի մասին:
«Նոյեմբերի առաջին տասնօրյակում լիազոր մարմինը մարզպետարանով փոխեց իր ներկայացուցիչներին՝ կառավարման խորհրդի շատ անդամներ փոխվեցին: Փոխվեց ԿԳՆ-ի կողմից թեկնածուն, նրան փոխարինեց Մհեր Գևորգյանը, որը գլխավոր էլ «Իմ քայլի» շտաբը: Հովհաննես Պողոսյանն էլ համայնքի կողմից նոր կառավարման խորհրդի անդամ դարձավ, իսկ Արևիկ Թարվերդյանը Հովհաննես Պողոսյանի հարսն է:
Թոշակի անցած դպրոցի տնօրենից հետո արագ ձևով նոյեմբերի առաջին տասնօրյակում ի՞նչ նպատակաուղղվածություն ուներ լիազոր մարմինը, որ շտապ փոխեց իր անդամներին: Ընդ որում, կառավարման խորհրդի անդամներին փոխել են, նոր հայտարարվել է մրցույթ և 5 ձայնով հաղթել է Արևիկ Թարվերդյանը: Այս ընտրությունները դեռևս նոյեմբեր ամսից պլանավորված, սլաքավորված ընտրություններ էին»,- նշեց նա:










