Ո՞վ է ուզում դառնալ լրագրող. Tert.am-ի լրագրող Տիգրանուհի Մարտիրոսյանի սեմինարն սկսնակ լրագրողների համար (տեսանյութ)

20:20 • 04.02.19

Ո՞վ է ուզում դառնալ լրագրող, հարցնում է լրագրող Տիգրանուհի Մարտիրոսյանն ու բոլոր ցանկացողների հետ կիսվում մասնագիտական գաղտնիքներով: Տիգրանուհին Tert.am կայքի լրագրող է, համագործակցել է բրիտանական Reuters, ռուսական Дождь և մի շարք այլ լրատվամիջոցների հետ: Լրատվական դաշտում է արդեն 7 տարի:

«Հիմնական խնդիրը, որին բախվել եմ հենց սկզբից, այն էր, որ ոչ մեկը չէր ուզում՝ ես զբաղվեի լրագրությամբ՝ սկսած ընտանիքից մինչև իմ ընկերները: Ասում էին՝ դա աղջկա համար լավ գործ չէ, գնաս ցույցերի, բա որ քեզ հարվածեն, և հոգեպես շատ ծանր էր, որ որևէ մեկը քեզ չէր աջակցում: Ես գաղտնի եմ գնացել ու ընդունվել ԵՊՀ Լրագրության ֆակուլտետ, որովհետև իմ ծնողները չէին ուզում, ու իրենք ինձ համար ուրիշ ապագա էին մտածել: Հետո, երբ իմացան, որ այնտեղ եմ սովորում, դա, իհարկե, մեծ շոկ էր, որը մինչև հիմա ինձ չի ներվում»,-սեմինարի մասնակիցներին պատմեց Տիգրանուհին:

Լրագրությունը գաղտնի ընտրած, բայց մասնագիտությանը սիրահարված լրագրողն սկսնակների հետ կիսվեց սեփական փորձով: Սկսեց լրագրողի մասնագիտության ոչ այնքան ցանկալի կետերից: Լինել սթրեսակայուն, 24 ժամ 7 օր գրաֆիկով աշխատելուն պատրաստ, լարված իրավիճակներին դիմակայող, հետաքրքրասեր ու պրպտող: Տիգրանուհին բացատրեց՝ ինչպես հաստատուն քայլերով մտնել լրագրության դաշտ ու դառնալ պահանջված մասնագետ այս մրցակցային ոլորտում:

«Միանգամից Պոզներ չեն դառնում: Երբ նոր ես քայլեր անում այս ոլորտում, ընդունվում ես համալսարան, մտածում ես՝ միանգամից աշխատելու ես առաջատար լրատվամիջոցում, բայց հետո բախվում ես իրականությանը, մի լավ կոտրվում ես, և պարզ է դառնում, որ դու շատ պետք է աշխատես, որ այդ մակարդակին հասնես: Դրա համար պետք է լինել համբերատար, պետք չէ վազել հայտնիության կամ փառքի հետևից: Դա ձեր թիվ մեկ թշնամին է: Աճեք աստիճանաբար, կարդացեք այն ամենը, ինչ դուք նախկինում չէիք կարդա՝ սկսած թերթերից մինչև տարբեր վերլուծություններ: Կարդացեք ամեն ինչ ու հարստացրեք Ձեր գիտելիքները, որպեսզի հետագայում որևէ հոդված գրելիս այդ բազան օգտագործեք»,-ասաց նա:

Լրագրության մեջ ամենապահանջված ժանրի՝ հարցազրույցի պահանջների մասին Տիգրանուհին խոսեց առանձին կետով: Հարցազրույցը «ֆաստ ֆուդ» չէ: Այսպիսի համեմատությամբ նա բացատրեց հաջողված հարցազրույց ունենալու բանաձևը. «Եթե դուք ուզում եք, որ Ձեր հարցազրույցները մարդիկ հիշեն, ցիտատներ մեջբերեն, դրա համար պետք է պատրաստվել ու խոսել մարդկանց հետ, ովքեր ունեն ասելիք: Պատրաստվեք զրուցակցից լավ, որովհետև պատրաստվում եք ոչ միայն դուք, այլև ձեր զրուցակիցները: Իրենք գալիս են ասելու այն, ինչ իրենք են ուզում, դուք գնում եք ստանալու այն, ինչ ուզում եք դուք: Ոչ մեկը չի ուզում խոսել իր համար ոչ հարմար ու հաճելի հարցերից, բայց այդ հարցերն են, որ դառնում են էքսկլյուզիվ ու բացառիկ նյութեր»:

Ժամանակակից լրագրության խնդիրներից մինչև լրագրողի վարքականոն, այս ամենը նա ներկայացրեց շուրջ երկու ժամ տևած հանդիպում-զրույցի ժամանակ, որի ընթացքում մասնակիցներն ունեցան նաև հարցեր տալու հնարավորություն: